Մեղք է հայերենը, տիկնայք եւ պարոնայք, խնայեցեք, այդքան աղբը տանել չի կարողանում, շնչահեղձ է լինում, խեղդվում։ Հայոց խոսքը, հայերեն խոսքը դառնում են անիմաստ բառակույտ, Ֆեյսբուքից լատինատառ փսխուք, ներեցեք բառի համար, ուրիշ կերպ չեմ կարող որակել այն հազարավոր զազրախոսությունները, որ գրվում են սեփական կամ ուրիշի «պատին»։ Մեղք է հայերենը, խնայեցեք։
Եթե մեզնից առաջ հայերենը ենթարկվեր նման բռնաբարության, ոչինչ չէինք ունենա՝ ոչ Հայաստանի անկախության իղձ, ոչ Արցախյան շարժում, եւ պատերազմն էլ, հաստատ, տանուլ կտայինք։ Ով չի հավատում, թող համացանցում փնտրի եւ նորից լսի Վազգեն Սարգսյանին, երբ 1992-ի ճակատագրական ամռանը կոչ էր անում մահապարտների գունդ կազմավորել, գնալ եւ փրկել Արցախը։
Գրողի, բարձր մտավորականի նրա անթերի հայերեն խոսքի վրա է արթնացել Արցախի փրկության ԶԻՆՎՈՐԸ։ Ով չի հավատում, թող մենության մեջ կրկնի Լեոնիդ Ազգալդյանի բանաձեւումը. «Սա Հայաստան է եւ վերջ»։
Ով դեռ այսքանից հետո էլ պիտի կասկածի, թող հիշի Մոնթեի խոսքը. «Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կփակենք մեր պատմության վերջին էջը»…
Մենք խոսքի ժողովուրդ ենք, մեր ամբողջությունը հայերեն խոսքն է՝ այստեղ եւ օտարության մեջ։ Խնայեցեք հայերենը, եթե հայրենասեր եք։ Եթե գեղեցիկ, առնական, Չարենցի օգնությանը դիմեմ՝ ճկուն եւ բարբարոս հայերենով չեք կարող ձեւակերպել ձեր ասելիքը, լավ է լռեք, տիկնայք եւ պարոնայք:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում