Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է: Ինչպես հայտնի է, Հայաստանում պետական տոները, նույնիսկ ռազմական հաղթանակները նշվում են մի տեսակ կիսատ, վախվորած, էլ ուր մնաց Սահմանադրությունը, որը ժամանակակից հայաստանցիների համար չափազանց վերացական, կյանքից կտրված մի բան է: Հետեւաբար ֆեյսբուքյան ընդդիմադիրները այսօր հիշեցնելու են, որ թե՛ բուն Սահմանադրությունը 1995 թվականին, թե՛ դրա երկու փոփոխությունները 2005 եւ 2015 թվականներին ընդունվել են կեղծիքներով: Նաեւ նշելու են, որ իշխանությունը երբեք չի կատարել Սահմանադրության ոչ մի կետ: Եվ հետեւաբար, կշարունակեն նրանք, դա «թղթի կտոր է»: Դե, իսկ շարքային քաղաքացիները դժվար թե գիտեն, թե ինչու է հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր:
Ցանկացած դիրքորոշում հարգանքի է արժանի, եւ մարդկանց մեղադրելը կամ «դաստիարակելը», ինձ թվում է, ամենասխալ եւ անիմաստ զբաղմունքն է: Այդ պատճառով պարզապես ասեմ, թե ինչ եմ ես զգում (հասկանալով, որ դա կարող է ցինիկ մեկնաբանությունների տեղիք տալ): Երբ ես լսում եմ «պետություն» բառը, մի տեսակ զգաստանում եմ, հավաքվում: Երբ լսում եմ Հայաստանի օրհներգը, մաշկս ինչ-որ սարսուռ է զգում: Այո, որպես երաժշտական ստեղծագործություն, մեր հիմնը վատն է եւ համեմատության եզրեր չունի Արամ Խաչատրյանի երաժշտության հետ: Գուցե օրհներգը եւ զինանշանը պետք է փոխվեն, չնայած ինձ թվում է, որ այդ հարցերում պետք է տասն անգամ չափել եւ հետո կտրել:
Բայց ինչպիսիք էլ լինեն մեր զինանշանն ու օրհներգը, դրանք խորհրդանշում են պետությունը, իսկ վերջինս, որքան էլ թույլ եւ չկայացած լինի, պետք է հարգել եւ, իհարկե, զարգացնել: Հետեւաբար իմ ակնածանքը պետության նկատմամբ տարածում եմ դրոշի, զինանշանի, օրհներգի, Սահմանադրության, դատարանի, պետականության բոլոր ատրիբուտների վրա: Սահմանադրության մեջ կարող են սխալ բաներ գրված լինել, սահմանադրական նորմերը կարող են եւ չկատարվել (ինչն, անշուշտ, այդպես է), դատարանները կարող են լինել կախյալ եւ կաշառակեր (դա նույնպես հաճախ է պատահում):
Բայց մեզ հատուկ ցինիզմն ու նիհիլիզմը տարածել պետական ինստիտուտների վրա, նշանակում է նպաստել դրանց թույլ եւ չկայացած լինելուն: Պատկերացրեք, մի գյուղ, մի համայնք, որտեղ գույքահարկը մուծում է բնակչության 30 տոկոսը՝ այդպես է, որքան գիտեմ, Հայաստանի համայնքների մեծ մասում: Հարկ չմուծելը մարդիկ սովորաբար պատճառաբանում են հարուստների, իշխանավորների մասին իրական կամ հնարած պատմություններիով: Համայնքն աղքատ է մնում, ճանապարհները՝ քանդած, դպրոցի տանիքը՝ ծակ:
Պատասխանատվության մասին մարդիկ շատ են խոսում, բայց՝ ոչ սեփական: Շնորհավոր Սահմանադրության օրը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հոդվածը կարդալուց հետո միանգամից ախպարավարի ասած “սիրեցի սահմանադրությունը”: Հեղինակը լավ չի պատկերացնում պետության ատրիբուտները, պետականության (հեղինակը օգտագործում է պետական ինստիտուտներ տերմինը`կարծում եմ գյուտ է) ինստիտուտները և այլն: Դրա համար էլ մենք հասարակ քաղաքացիներս լավ վերաբերմունք չունենք սահմանադրության հանդեպ: Բայց ես “սիրեցի սահմանադրությունը”, հաստատ բան են ասում:
«Պատկերացրեք, մի գյուղ, մի համայնք, որտեղ գույքահարկը մուծում է բնակչության 30 տոկոսը…»
Գույքահարկը (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց) ապօրինի է, քանի որ դա խախտում է Սահմանադրությունը եւ հակասում է մի շարք օրենքների ու իրավական ակտերի:
Այդպիսի հարկը պատմության մեջ հայտնի է որպես «տուրք», որը գանձվում պարտվողներից (բնակչությունից), պետականության կորստի դեպքում:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրենց ունեցվածքը ձեռք են բերում ապրանքային շուկաներում գումարի կամ նյութական արժեքների դիմաց (այսինքն՝ շահույթ, մաքուր եկամուտ), որը իրենց տրամադրության տակ է մնում հարկ (տուրք) մուծելուց հետո: Գույքահարկ գանձելը ըստ էության, կրկնակի հարկահավաք է:
Գույքահարկը խախտում է սեփականության իրավունքի, իր սեփականությունից կամայականորեն (քյոխվի պահանջով) չզրկվելու «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» դրույթները:
Լեւոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունը՝ ի շահ իրեն ու իր տիրոջ, Ռոբերտ Քոչարյանինը՝ ի շահ իրեն ու «Система»-ին, Սերժ Սարգսյանինը՝ ի շահ իրեն ու «давай до свиданья»…
Ռուբէն ջան, եթէ նուազագոյնը իր անշարժ գոյքին վրայ գիւղին կամ քաղաքին բնակիչը հարկ չմուծէ, քաղաքապետարանը ո՞րտեղից է բերելու փողը, հանրային-հաւաքական, կենսական ծախսերուն համար…
Դեռ խնդիրը միայն այս չէ: Առնենք պարագան Երեւանի բազմայարկանի շէնքերուն: Ամէն բնակիչ, բացառանէս, իր բնակած յարկաբաժնի պահպանման կամ վերանորոգման ծախսեր էր հոգում: Հետեւանք՝ շէնքի հասարակաց բաժինները – մուտք, անցքեր, աստիճաններ, վերելակ, տանիք… -, լքուած, քայքայման յանձնուած, թէ տգեղ եւ թէ վտանգաւոր վիճակի մէջ են: Անոնցմո՞վ ով է զբաղելու արդեօք…
Պարզ է թէ «քաղաքական պայքարը» Հայաստանում միջոց մը դարձած է խուսափելու, փախչելու անհատական տարրական պատասխանատւութիւներից: Ամէն բանի յանցաւորը միշտ ու միայն ուրիշն է:
Շնորհաւոր Սահմանադրության Օր, աննման Հայաստան:
Յ.Գ. Պետութեան ստորոգելիէ աւելի շուտ, երեւի մեր Սահմանադրութիւնը Հայոց Պետութեան Ծննդյան Վկայագիրն է: Ուրեմն՝ Ծնունդդ շնորհաւոր, տակաւին մեր բալիկ Հայաստան…
Հայոց Պետության Ծննդյան Վկայագիրր մենք հայերս ունեինք դեռ մեր թվարկությունից առաջ:
Իսկ անկախ պետականության վերականգնման հռչակագիր (հայտարարագիր) եւ համապատասխան սահմանադրություն մինչ օրս չունենք:
Եթե ես պատասխանեմ Ձեր հարցերին, ապա անհրաժեշտ կլինի փոխել Սահմանադրության, օրենքների ու իրավական ակտերի մեծ մասը:
6 դար ուրիշների սահմանադրությամբ ենք ապրել և մինչև մերը սիրենք մի այդքան էլ պետք է՝գենը այդքան արագ չի փոխվում,մանավանդ,որ ցանկություն էլ չունես փոխվելու:Իսկ,որ Սահմանադրության Օրը մեծ տոն է՝երկրորդ կարծիք լինել չի կարող/իհարկե,եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես և բնակվում ես մեր երկրում:
Իսկ,որ դրսում եք և չեք կայացել՝մեղադրեք ձեզ:
ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ
Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.
— Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։
Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում, բարուն իբրև չարի խոշտանգելով։
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
Էլի դրսից թխած գրագողություն է, ոչ մի հայկական շունչ չկա մեջը, մեզ Հայ պետություն է պետք, որտեղ Հայ ազգը ՄԻԱԿԱՐԾԻՔ Է, մի շունչ մի մարմին, մեր բոլոր խավերը՝ հարուստներն ու աղքատները, խելոքներն ու անգյալները, ուժեղներն ու թույլերը, սրա նրա կրոնի հետեւորդները, գողերն ու սրբերը, եթե նրանք հայ են իրենց համարում, ցանկացած հարցի վերաբերյալ պետք է ունենան վերջնական Մի կարծիք, այդ կարծիքն էլ կձեւավորեն մեր քաղաքական գործիչները, որոնք էլ միակարծիքության լավագույն օրինակ կծառայեն ազգի համար: