Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՊ-ում քննվում էր Տիգրան Եգորյանի դեմ դիմումը. «Ինչո՞ւ «Հաց բերողի» 3 փաստաբաններից թիրախ է ընտրվել հենց Եգորյանը» (Տեսանյութ)

Հուլիս 05,2017 01:11

Հուլիսի 4-ին փաստաբանների պալատում քննվում էր «Ազատություն եւ հայրենիք հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքը Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի դեմ: Դիմումում, ինչպես Արուսյակ Հայրապետյանն ասաց, նշված է՝ Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերեւի հիվանդությամբ եւ ըստ կառավարության համապատասխան որոշման, նման հիվանդության դեպքում մարդուն կալանքի մեջ պահելն արգելված է. այս մասին իրենց հայտնի է դարձել կալանավորումից 4 օր հետո, սակայն Արթուր Սարգսյանի փաստաբան Եգորյանն այդ մասին իմանալով՝ բարձրաձայնել է միայն հինգ ամիս անց, եւ ավելի վաղ չի միջնորդել Սարգսյանի կալանքը փոխել։

Ըստ բողոքի, մյուս մեղադրանքն էլ այն է, որ, ներպետական ատյանները չսպառելով, Սարգսյանի փաստաբանը դիմել է ՄԻԵԴ։ Արուսյակ Հայրապետյանն այսօր ասաց, որ իրենք դիմել են փաստաբանների պալատ՝ քննելու Սարգսյանի պաշտպան Եգորյանի հնարավոր անբարեխիղճ վարքագիծը եւ դրան գնահատական տալու համար:

Մինչ բուն թեմայի քննմանն անցնելը, Եգորյանը դիմեց ՓՊ խորհրդի անդամ Կարեն Սարդարյանին եւ Սիմոն Բաբայանին եւ խնդրեց ինքնաբացարկ հայտնել, եւ Սարդարյանի ինքնաբացարկի հիմքը ներկայացրեց՝ «ին ձեր նկատմամբ դատական ակտ է կայացվել՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար, դուք մեղավոր եք ճանաչվել։ Կարող եք պնդել, որ ձեր դատվածությունը մարված է, պարտականություններ ստանձնելու վերաբերյալ չունեք սահմանափակումներ, բայց խոսքը իմ իրավունքների մասին է։ Ես չեմ ցանկանում, որ իմ մասնագիտական էթիկայի քննարկմանը մասնակցի անձ, որը ունեցել է նման անցյալ։

Սարդարյանն ինքաբացարկ չհայտնեց, ապա Եգորյանը Սարդարյանի եւ Բաբայանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչը կրկին մերժվեց: Իսկ Բաբայանի ինքնաբացարկը Եգորյանը հիմնավորեց փաստաբանների միջեւ հայտնի ծեծկռտուքի միջադեպով հարուցված քրեական գործով: Նիստը նախագահող Կարեն Մեջլումյանը հանեց այդ հարցը։

Ապա, երբ Եգորյանը եւ նրա ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը հարցեր էին տալիս Արուսյակ Հայրապետյանին եւ Թեհմինե Ենոքյանին, նրանք ոչ բոլոր հարցերին էին պատասխանում՝ օգտվելով հարցին չպատասխանելու իրավունքից: Արուսյակ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ Եգորյանը եւ նրա ներկայացուցիչը կողմնակի, գործին չառնչվող հարցեր են տալիս եւ խուսափում են պատասխանել իրենց ներկայացրած հարցերին:

Եգորյանն եւ նրա ներկայացուցիչը վստահեցրին, որ վերջում կպատասխանեն բոլոր հարցերին, իսկ մինչ այդ իրենց հնչեցրած բոլոր հարցերը ուղիղ կապ ունեն Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի՝ իրենց դեմ ներկայացված դիմումի անձնական դրդապատճառի հետ:

Եգորյանն ու նրա ներկայացուցիչը՝ Թեհմինե Ենոքյանի եւ Արուսյակ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից գրառումներ էին ներկայացնում, որտեղ դիմողները կասկածի տակ էին առնում Արթուր Սարգսյանի փաստաբան Եգորյանի բարեխղճությունը: Սրանով, ինչպես Եգորյանն ու նրա ներկայացուցիչն ասացին, հիմնավորում են Ենոքյանի եւ Հայրապետյանի անձնական դիրքորոշումն ու մղումները Եգորյանի հանդեպ: Դիմումը ներկայացնողներին հարց ուղղվեց՝ արդյոք նրանց հայտնի էր, թե բացի Եգորյանից, էլ ովքեր էին Արթուր Սարգսյանի պաշտպանները: Արուսյակ Հայրապետյանն ասաց, որ երբ ինքը խոսել է Արթուր Սարգսյանի մոր եւ եղբոր հետ, նրանք նշել են Եգորյանի անունը եւ նրանց կապը եղել է Եգորյանի հետ. «Որեւէ մեկին չէի ճանաչում, Տիգրան Եգորյան անունը ինձ ոչինչ չէր ասում, դա կարող էր լինել Տիգրան Եգորյան, կամ Պողոս Պողոսյանը: Ես չունեմ սովորություն անձնավորելու որեւէ պրոֆեսիոնալ գործունեություն»:

Թեհմինե Ենոքյանը պատասխանելով նույն հարցին, ասաց, որ դիմումը ներկայացնելու պահին իրեն հայտնի է եղել մյուս փաստաբանների անունները՝ Տիգրան Եգորյան, Վահե Գրիգորյան եւ Դավիթ Գյուրջյան: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ դիմում ներկայացվեց միայն Եգորյանի դեմ, ի պատասխան դիմումի հեղինակներն ասացին՝«Որովհետեւ Արթուր Սարգսյանի մայրը միայն Եգորյանի անունն է տվել»:

Ապա Թեհմինե Ենոքյանն ասաց, որ հիմնադրամի անդամ Բայանդուրը սկայպով հայտնել է, որ խոսել է Արթուր Սարգսյանի մեկ այլ պաշտպան Վահե Գրիգորյանի հետ, վերջինս Բայանդուրին հայտնել է, որ ինքը տեղյակ չէ Սարգսյանի հիվանդության մասին:

Նիստի ավարտին Տիգրան Եգորյանն անդրադառնալով Թեհմինե Ենոքյանի այն պնդմանը, թե՝ Բայանդուր Պողոսյանն իրեն տեղեկացրել է, որ Վահե Գրիգորյանի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ վերջինս հայտնել է Պողոսյանին,  որ տեղյակ չի եղել Արթուր Սարգսյանի հիվանդության դրա վերաբերյալ փաստաթղթի մասին.«Վահե Գրիգորյանն ինձ ասաց, որ ամբողջ իր նամակագրությունը, որոնց վերաբերյալ փաստաթղթեր ունի, վերանայել է եւ հայտնում է, որ նման տեղեկություն Բայանդուր Պողոսյանին նա չի փոխանցել եւ դա չի համապատասխանում իրականությանը: Վահե Գրիգորյանը ոչ միայն տեղյակ է եղել Բեխտերեւի հիվանդության  եւ դա հաստատող փաստաթղթի մասին, ավելին, այն պահին, դա մոտավոր 2016-ի  օգոստոսի 2-ի լույս 3 –ին էր, ժամը 1-3-ն ընկած սահմաններում, երբ Արսեն Սարգսյանն ու Արտակ Սարգսյանը  բերել են այն փաստաթղթերը, որոնց թվում նաեւ հիվանդության մասին ապացույցներն էին, փոխանցվել են հենց Վահեին: Այդ պահին ես մասնակցում էի մեկ այլ նիստի: Փաստաթղթերը փոխանցվել են, հետո ես միացել եմ եւ դրանք  ներկայացվել են դատարան, եւ այս մասին Վահե Գրիգորյանը տեղյակ է պահել Բայանդուր Պողոսյանին»:

Մոտ 3 ժամ տեւած նիստը հետաձգվեց, նիստի հաջորդ օրը առայժմ չի որոշվել:

Նիստի ընթացքում, երբեմն վիրավորական արտահայտություններ էին հնչում Եգորյանի հասցեին, ինչը վրդովվեցնում էր փաստաբանին եւ պարբերաբար թեժ վեճ էր լինում: Եգորյանը հայտարարեց՝ «Իրենց հասցեին եւ գործի առնչությամբ սուտ տեղեկություններ են հնչեցվում»:

Նիստի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31