Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը Ղարաբաղի հարցով ձեռքերը ծալած նստած չի

Հուլիս 05,2017 12:00

Միջազգային կառույցներն աննախադեպ ակտիվություն
ցուցաբերեցին խաղաղ կարգավորման գործընթացին սատարելու հարցում

Նորից Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում

Հուլիսին հնարավոր է կազմակերպվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ հունիսի 30-ին ԱԺ-ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այնուհետեւ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի»-ին դիվանագիտական աղբյուրները տեղեկացրին, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Ավստրիայում: «Երկրների ԱԳ նախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: Սպասվում է, որ ԼՂ հակամարտության հարցով միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը»,- նշել էր գործակալության զրուցակիցը: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել էին այս տարվա ապրիլի 28-ին Մոսկվայում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Բանակցություններն անցել էին եռակողմ ձեւաչափով, իսկ այնուհետեւ ԱԳ նախարարներին էին միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ԼՂ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016թ. մայիսին եւ հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները երախտագիտություն հայտնեցին ՌԴ ԱԳ նախարարին՝ ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար:

Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»,- նշել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները։
Իսկ ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին եւ մարտին, ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել էր նախ՝ Հայաստանի, ապա Ադրբեջանի արտգործնախարարներին։ Այդ հանդիպումներից հետո էր, որ Լավրովը հայտարարեց, թե ԼՂ խնդիրը հնարավոր է կարգավորել. «Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները»։ Սակայն «Բակինսկի ռաբոչի» թերթում հրապարակված հոդվածում Լավրովը բարձրաձայնեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։

Ի դեպ, ապրիլի 28-ի մոսկովյան հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն սկսեց հայտարարել, թե «պետք է անցնել բովանդակային բանակցությունների՝ Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում քննարկված փաստաթղթերի հիման վրա»: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս հստակեցրեց, որ Մոսկվայում ԱԳ նախարարները որեւէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: «Եթե որեւէ տեքստ քննարկվել է, ապա դա եղել է մամուլի հաղորդագրության տեքստը, որը համաձայնեցվել է նախարարների միջեւ՝ եռանախագահների ներկայությամբ, որն այնուհետեւ նույնությամբ հրապարակվել է Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարությունների կողմից: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է մամուլի հաղորդագրության իր վարկածը, որտեղ ասված է ոչ թե, որ նախարարները կարեւորեցին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլ այն, թե նախարարները բանակցեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցությունները: Աբսուրդ ինչ-որ բան էր հրապարակվել Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից»,- ասել էր Նալբանդյանը Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Պաշտոնական Երեւանն ինքնավստահ է

Հունիսի 30-ին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Երեւանն իրեն ամուր է զգում ԼՂ կարգավորման գործընթացում, նույնիսկ այն պայմաններում, երբ բանակցություններ կողմերի միջեւ չեն ընթանում արդեն տեւական ժամանակ:

Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմն այսօր վստահ է իրեն զգում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մի կողմում է, իսկ Բաքուն` այլ կողմում:
«Դուք կարծում եք` օդի՞ց է եղել, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները եւ ընդունված հայտարարությունները լրիվ համահունչ էին նրան, ինչ Հանրապետության նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ։ Վիեննայից եւ Պետերբուրգից առաջ մենք ի՞նչ էինք ասում. ասում էինք, որ հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ, պետք է անխտիր իրականացվեն։ Ի՞նչ ասացին եռանախագահող երկրները ոչ միայն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, այլ նաեւ դրանից հետո։ Հենց նույնը։ Ասում են, թե հասցեական չեն համանախագահ երկրների հայտարարությունները։ Բա ո՞ւմ էին ուղղված դրանք։ Մենք էինք ասում, այլ ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունն է ասում, որ պետք է այդ անժամկետ եռակողմ հրադադարի համաձայնագրերն ամբողջովին կատարվեն: Դա Հայաստանն է ասում, դա Արցախն է ասում, եւ եռանախագահներն են ասում: Երբ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում հայտարարվեց, որ պետք է ստեղծվի զինադադարի խախտումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Դա նաեւ այն էր, ինչ Հայաստանն է ասում, Արցախն է ասում, եռանախագահող երկրներն են ասում: Եվ ոչ միայն համանախագահների կողմից. դա ասվում է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ այլ կառույցների կողմից: Դուք կարծում եք` օդի՞ց են արվում այդ հայտարարությունները։ Դա համապատասխան աշխատանքի արդյունք է»,- նշել է Նալբանդյանն ԱԺ-ում: Նա նաեւ հավելել է. «Կա եռանախագահող երկրների նախագահների մակարդակով արված 5 հայտարարություն: Մենք ասում ենք՝ այո, պատրաստ ենք դրա հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ դեպի կարգավորում: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Բաքուն չի ցանկանում անգամ հիշատակել, որ այդ 5 հայտարարությունները գոյություն ունեն: Դուք կարծում եք՝ համանախագահ երկրների կողմից, որոնք օժտված են միջնորդության միջազգային մանդատով, որը տրվել է ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների կողմից, հինգ հայտարարություններ պատահաբա՞ր են արվում։ Այդ հայտարարությունները անտեսում է Ադրբեջանը, չի ուզում որեւէ հղում կատարել այդ հայտարարություններին, անտեսում է նաեւ նախարարների մակարդակով, եռանախագահող դեսպանների կողմից արված հայտարարությունները: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն փակուղու մեջ է մտցրել։ Մեր հետեւողական արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ջանքերի շնորհիվ Ադրբեջանը, չնայած իր նավթադոլարներին, մեկուսացման մեջ է հայտնվել»։

Ամփոփելով ղարաբաղյան թեման՝ ՀՀ ԱԳ նախարարը նաեւ վստահեցրեց, որ առանց Արցախի վերջնական խաղաղության համաձայնագիր չի լինի. «…Բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում՝ Վիեննայում, ինչ որ բանակցվել է եւ տեղ է գտել այդ փաստաթղթերում, բոլորի մեջ ասված է, որ ԼՂ-ի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանը՝ Հայաստանի, Ադրբեջանի հետ միասին եւ եռանախագահ երկրների միջնորդությամբ: Սա հստակ ֆիքսված է։ Առանց դրա որեւէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է առանց Արցախի որեւէ համաձայնության գալ»:

Միջազգային հանրությունը կանգնած է Մինսկի խմբի թիկունքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցից հետո, փաստորեն, միջնորդներին հաջողվել է կողմերից համաձայնություն ստանալ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու շուրջ: Առայժմ, սակայն, Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման մասին խոսք անգամ չկա:
Հայաստան-Ադրբեջան հանդիպում կազմակերպելուն զուգահեռ՝ միջնորդները փորձում են շփման գծում իրավիճակը կայուն պահել, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, թերեւս, որոշակի ճնշումներ են գործադրվում: Դա է, հավանաբար, պատճառը, որ Բաքուն պաշտոնապես հայտարարեց, թե «պատրաստ է առարկայական բանակցությունների»: Նկատենք, որ միջնորդների վերջին այցից եւ հունիսի 19-ին նրանց տարածած հայտարարությունից հետո Մինսկի խմբին սատարելու եւ կողմերին ուղղված հայտարարությունների պակաս չզգացվեց: Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել էր դիվերսիոն ներթափանցման փորձ:

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերով, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի՝ ասվում էր ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: «Կողմերին կոչ ենք անում խուսափել սրացումից եւ անհապաղ քայլեր ձեռնարկել շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին լարվածությունը նվազեցնելու համար»,- նշվեց Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի հրապարակած հայտարարության մեջ: «Կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման վրա»,- ասվում էր հայտարարության մեջ: Այնուհետեւ ԵՄ-ից հնչեց հայտարարություն: ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում եւ զսպվածության ցուցաբերում թե՛ գործերում, թե՛ խոսքում. «Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետեւանքով ԼՂ հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր, ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման եւ այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին: ԵՄ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում ՄԽ համանախագահների ջանքերին եւ միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը եւ վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսեւորելով անհրաժեշտ բարեխղճություն եւ քաղաքական կամք»,- ասվում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հայտարարության մեջ: Այս անգամ նույնիսկ ՄԱԿ-ը հայտարարություն տարածեց` կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել բանակցությունները: ՄԱԿ-ը կիսում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտահոգությունները հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունները հրադադարի ռեժիմի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են շփման գծում ցավալի կորուստների: Մենք միանում ենք նրանց ուղերձին՝ զերծ մնալ հետագա սրացումից եւ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մենք նաեւ միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված բարեխղճության եւ քաղաքական կամքի վրա: ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել այդ ջանքերին»: Հավելենք նաեւ՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը եւս օրերս հայտարարեց, որ ԼՂ խնդրի ռազմական լուծում չկա. «Մենք կողմերին կոչ ենք անում բովանդակային բանակցություններով գտնել խնդրի խաղաղ լուծումը: Դա միակ տարբերակն է»:

Այսպիսով, միջազգային կառույցները հետեւողականորեն ուշադրության առանցքում են պահում ԼՂ խնդիրը` անվերապահ սատարելով ԵԱՀԿ ՄԽ-ին: Հայտարարությունների այս առատությունը վկայում է այն մասին, որ ՄԽ-ն ձեռքերը ծալած չի նստել: Համանախագահները մի կողմից փորձում են կանխել լայնածավալ պատերազմի բռնկումը, ձգտում են նոր բանակցություններ կազմակերպել, եւ դրան զուգահեռ նրանք միջազգային այլ կառույցների դրդեցին ակտիվություն ցուցաբերել խաղաղ կարգավորման գործընթացին սատարելու հարցում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 04.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31