Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը ու նաեւ Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի նույնպես գերակա շահ են»

Հուլիս 05,2017 16:00

Ինչո՞ւ ենք հսկայական գումարներ վատնում, ռազմավարություններ մշակում, ներդրողներ հրավիրում, եթե այդ ներդրածը փրկելու համար գործարարները ստիպված են լինելու ընկնել դատարանների, պետական այլ ատյանների դռները: Օհաննես Ստեփանյանը սփյուռքահայ ներդրող է, բիզնեսը վարելու, եկամուտներն ու տնտեսությունն ավելացնելու փոխարեն՝ նա այսօր փորձում է այնպիսի խնդիրներ լուծել, որոնք իր` բիզնեսի վարման հետեւանքով չեն առաջացել: Գործարարի խոսքով՝ դրանք ստեղծել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունը (ԲԷՑ): Բանն այն է, որ ԲԷՑ-ը գործարարի հիմնադրած անասնաֆերմային հարակից տարածքով բարձրավոլտ էլեկտրալարեր է անցկացնում, ինչի հետեւանքով անհարմարություններ են առաջ եկել: Աշխատանքների հետեւանքով ժայռաբեկորներ են առաջացել, որոնք փակել են անասունների` արոտավայր բարձրանալու ճանապարհը: Դա քիչ էր, օձերն էլ իրենց բներից են դուրս եկել ու լցվում են գոմերը: Ինչպես Օհաննես Ստեփանյանն ու ֆերմայի անասնաբույժ Տիգրան Եղոյանն են պատմում՝ ԲԷՑ-ի աշխատանքների պատճառով նաեւ սողանքներ են առաջացել, ինչը նույնպես վտանգի տակ է դրել գործարարի՝ այդքան տարիների ներդրածը: Ըստ նրանց՝ բիզնեսը կաթվածահար վիճակում է, անասնաֆերմայի աշխատակիցները հրաժարվում են օձերի ու սողանքների պատճառով աշխատանքի գալ:

Սփյուռքահայ գործարարի խոսքով՝ ինքը փորձել է նոր բիզնես կուլտուրայով հանդես գալ, որը ե՛ւ զբոսաշրջությունը մեր երկրում կզարգացնի, ե՛ւ արտագաղթը կկանխի` գյուղացիներին ապացուցելով, որ կարելի է մնալ Հայաստանում եւ գյուղատնտեսությամբ գումարներ վաստակել. «Փորձել եմ գյուղական համայնքում ստեղծել մի միջավայր, որտեղ զբոսաշրջիկը կգա եւ մաքուր կսնվի, եւ այդ միջավայրը մշակութային կենտրոն կլինի նրա համար: Այս ծրագիրը նախատեսում ենք մի քանի մարզերում` Գեղարքունիք, Արագածոտն, Վայոց ձոր, որտեղ անասնապահություն ու մեղվաբուծություն ենք հիմնում: Ծրագրեր ունենք գոմեշի տնտեսություն զարգացնելու, սակայն այդ ամենի համար ջրային գոտի էլ է անհրաժեշտ, բայց գետը, որի մոտակայքում պետք է այդ ամենը անենք, գրեթե չորացել է, դարձել է առվակ»:

Տիգրան Եղոյանի խոսքով՝ իրենց բիզնեսի խոչընդոտներից մեկն էլ 32 կիլոմետրանոց գետի վրա գործող 19 հիդրոէլեկտրակայաններն են, որոնք հետզհետե գետը վերածել են առվակի: Նրանց ներկայացմամբ՝ գետում ջրի բացակայության պատճառով կարմրախայտ տեսակի ձուկը գրեթե ոչնչացել է, եւ այս սեզոնին ձկներին կարելի է տեսնել գետի աջ ու ձախ եզրերին սատկած:

Ըստ Տիգրան Եղոյանի՝ կառավարությունը հավաստիացնում է, թե գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, բայց հաշվի առնելով, թե ինչպես են իրենց պես գործարարների բողոքները մնում անպատասխան, պարզ է դառնում, թե վերաբերմունքը դեպի գործարար ու գյուղացի իրականում ինչպիսին է: Իրենց խնդիրների հարցով ահազանգել են կառավարության, ՀՀ նախագահի աշխատակազմի թեժ գծերին, գործարարի խոսքով՝ մինչ օրս որեւէ մեկը հետ չի զանգել եւ բողոքի մանրամասներով չի հետաքրքրվել. «Խաբկանք է, չկա նման բան, պետական ոչ մի աջակցություն չկա գյուղատնտեսությանը»:
Օհաննես Ստեփանյանի խոսքով` ասում են՝ գերակա շահ է ու վերջ. «Գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը ու նաեւ յուրաքանչյուր քաղաքացի, որ ապրում է Հայաստանում, նույնպես գերակա շահ են»:

Գործարարի բողոքի առնչությամբ «Առավոտ»-ի հարցին ի պատասխան՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Արտաքին եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գծի աշխատանքները. «Աշխատանքներն իրականացնում է Kalpataru Power Transmission LTD (Հնդկաստան) ընկերությունը: «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվում է 1950-ական թվականներին շահագործման հանձնված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը: Էներգահամակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող էլեկտրահաղորդման գիծն անցնում է ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով` միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ կենտրոնական եւ հարավային մասերը: Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի:

Տվյալ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 01.06.2011 թվականին ստորագրված վարկային համաձայնագրով՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ կառավարության 16.04.2015 թվականի N 403-Ն որոշմամբ մի շարք հողատարածքներ, այդ թվում՝ Օհաննես Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Վայոց ձորի մարզի Շատին համայնքում գտնվող 0.0241 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, որի հիման վրա հետագայում, օրենքով սահմանված կարգով, Օհաննես Ստեփանյանի հետ կնքելով առուվաճառքի պայմանագիր՝ տվյալ հողատարածքի նկատմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել սեփականության իրավունք:
Նշված 0.0241 հա մակերեսով հողամասերի վրա կապալառու ընկերության կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում եւ կարգով պետք է տեղադրվեր «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» 220 ՎԿ օդային էլեկտրահաղորդման գծի մաս կազմող հենարանը, սակայն տվյալ հենարանով ծանրաբեռնված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող 0.0241 հա մակերեսով հողամասը բոլոր կողմերից հատվում է (սահմանակից է) Օհաննես Ստեփանյանին պատկանող հողամասերին, ուստի տվյալ հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առանց վերջինիս պատկանող հողամասերի տարածքով դրանց մոտենալու, անհնար է:

Հաշվի առնելով վերոնշվածը՝ Օհաննես Ստեփանյանի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ, սակայն հետագայում վերջինս հայտնել է, որ հենարանի կառուցման աշխատանքները իրականացվում են նախագծով սահմանված հատվածից դուրս, եւ դրա կառուցման արդյունքում քարեր են թափվում իր հողատարածք եւ կարող են վնասել շինությունները:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը, կարեւորելով անձանց առողջությանը սպառնացող ենթադրյալ վտանգը կանխարգելելու անհրաժեշտությունը, անկախ տվյալ հատվածում քարերը շինարարական աշխատանքների արդյունքում թափվելու հանգամանքից, տեղում ուսումնասիրել է խնդիրը Օհաննես Ստեփանյանի եւ կապալառու ընկերության հետ միասին: Արդյունքում պարզվել է, որ հենարանը կառուցվում է նախագծի պահանջներին համաձայն եւ դրանով նախատեսված տեղում:

Միաժամանակ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը հանձնարարել է կապալառու ընկերությանը ամեն դեպքում վերացնել անձանց սպառնացող բոլոր հնարավոր վտանգների աղբյուրները, որի արդյունքում կապալառու ընկերության կողմից Օհաննես Ստեփանյանին պատկանող հողատարածքը մաքրվել է քարերից, ինչպես նաեւ վերացվել է ենթադրյալ քարաթափության վտանգը»:

Նշենք, որ երեկ գործարարն իր հետ լուսանկարներ էր բերել, որոնք փաստում էին, որ ժայռաբեկորները, որոնք առաջացել էին քանդման աշխատանքներից, դեռ տեղում են, եւ հենց դրանք էլ փակել են դեպի արոտավայր տանող անասունների ճանապարհը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

04.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31