Վերջերս «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը լայն քննարկման առարկա է դարձել հատկապես Հայաստանում գործող իրավապաշտպան որոշ կազմակերպությունների շրջանակում, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում ցեխ շպրտելու Հայ եկեղեցու վրա: Պատճառն այն է, որ օրենքի նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցին առանձնանում է մյուս կրոնական կազմակերպություններից հատուկ կարգավիճակով, եւ Հայ եկեղեցու ու պետության հարաբերությունները կարգավորվելու են առանձին օրենքով:
Բնականաբար, Հայ առաքելական եկեղեցին առանձնանում է մյուս կրոնական կազմակերպություններից իր անցած ուղիով, պատմությամբ եւ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարեւոր դերակատարությամբ: Հայ եկեղեցու առաքելության անջնջելի հետքը դրոշմված է յուրաքանչյուր հայորդու սրտում եւ մտքում: Այժմ պատմական այս իրողությունը ամրագրվում է օրենքով նորանկախ ՀՀ-ում, որի կայացման եւ զորացման գործում կրկին մեծ է Հայ եկեղեցու դերը: Դարերի ընթացքում ժողովրդի կյանքում մատուցած իր հոգեփրկչական եւ հայապահպան առաքելությամբ Հայ եկեղեցին արդարացիորեն վաստակել է ժողովրդի սերն ու հարգանքը, որին ո՛չ մեկ օրում եւ ո՛չ էլ մեկ տարում կարելի է հասնել: Ուստի նորահայտ եւ անհայտ ծագմամբ, վտանգավոր եւ պառակտիչ գաղափարներով ինչ-որ կրոնական կազմակերպություն չի կարող հավասարվել Հայ եկեղեցուն:
Հետաքրքիր է, թե ի՞նչն է անհանգստացնում իրավապաշտպաններին. այն, որ օրենքով հատուկ կարգավիճակ է շնորհվում միայն Հայ եկեղեցուն, իսկ մյուս կրոնական կազմակերպություններին` ոչ, թե՞ որ ընդհանրապես նման կարգավիճակ է շնորհվում որեւէ կրոնական կազմակերպության: Եթե մտահոգության պատճառը առաջինն է, ապա պիտի առաջարկեինք մեր իրավապաշտպաններին պատկերացնել մի իրավիճակ, երբ այդ կարգավիճակը շնորհվում է ոչ միայն Հայ եկեղեցուն, այլեւ բոլոր կրոնական կազմակերպություններին` այդ թվում նաեւ Եհովայի վկաներին: Եվ ահա այս կարգավիճակից բխող հնարավորությունների շրջանակում Եհովայի վկաները մեկնում են սահմանագիծ, թեեւ նրանց դժվար է պատկերացնել այնտեղ, եւ սկսում են հայոց բանակի զինվորներին քարոզել, որպեսզի զենքերը վայր դնեն. հետեւությունները թողնում ենք ընթերցողներին:
Իսկ եթե մտահոգության պատճառն այն է, որ այդ կարգավիճակը տրվում է առհասարակ որեւէ կրոնական կազմակերպության, ապա նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին կրոնական կազմակերպությունից ավելի հոգեւոր եւ ազգային կառույց է, որի պատմությունը միահյուսված է իր ժողովրդի պատմության հետ, եւ այդ պատմության ընթացքում ժողովուրդը կարողացել է դիմագրավել փորձություններին ու պատերազմներին` շնորհիվ այդ կառույցի մնայուն եւ շարունակական զորակցության: Պատմությունն է փաստում, որ հայ ժողովուրդն անքակտելիորեն կապված է իր անշարժ ու անխորտակ հավատի վեմին` Մայր Եկեղեցուն: Այս պարզ ճշմարտությունը հասկացել են անգամ օտար զավթիչները: Շահ Աբասն Արարատյան դաշտավայրի ժողովրդին բռնի տարհանելով Պարսկաստան, որպես հայ ժողովրդի՝ Պարսկաստանում մնալու գրավական, ցանկանում էր քանդել հայոց հոգեւոր կենտրոնը` Էջմիածնի Մայր Տաճարը եւ վերակառուցել այն Պարսկաստանում: Ժամանակագիր պատմիչ Առաքել Դավրիժեցին դիպուկ է բնութագրել հայի հոգեկերտվածքը, որ Լուսավորչի Սուրբ Աջին եւ Սուրբ Էջմիածնին կապված է ամբողջ հայոց ազգը:
Հայ եկեղեցու կարգավիճակով մտահոգված` իրավապաշտպաններից մեկը բերում է Ֆրանսիայի օրինակը եւ նշում, որ այնտեղ տակավին 1905-ին Եկեղեցին բաժանվել է պետությունից: Այո՛, Ֆրանսիայում Եկեղեցին պետությունից անջատ է, սակայն այդ երկրում կան եկեղեցական տոներ եւ սովորույթներ, որոնք թեեւ օրենքով չեն ամրագրված, բայց ժողովուրդն ավանդույթի ուժով մինչեւ հիմա նշում է այդ տոները եւ հավատարմորեն պահում սովորույթները: Ֆրանսիայում այսօր կան եկեղեցական տոներ, որոնք կա՛մ ոչ աշխատանքային են, կա՛մ որոնց հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Օրինակ` Զատկին հաջորդող երկուշաբթին, Հոգեգալստի երկուշաբթին, Բոլոր սրբերի տոնը (նոյեմբեր 1) եւ Սուրբ Ծնունդը (դեկտեմբեր 25): Հետեւաբար ավանդույթի ուժն ավելի զորավոր է, քան օրենքինը, քանզի օրենքները տարբեր ժամանակներում կարող են փոխվել, իսկ ավանդույթի ուժը չի տկարանում:
Այսօր այդ նույն ժողովրդավար Եվրոպայի երկրներից մեկում` Դանիայում, օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր աշխատավոր իր աշխատավարձից կամ եկամտից հարկ է վճարում` ի նպաստ պաշտոնական Լյութերական եկեղեցու, անկախ այդ եկեղեցուն իր պատկանելությունից:
Ռուսաստանի Դաշնության նման հզոր եւ ապահով երկիրը, վտանգավոր նկատելով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը, բոլորովին վերջերս արգելեց այդ կազմակերպության գործունեությունն իր տարածքում: Առավել եւս Հայաստանի պարագային, որը շրջապատված լինելով թշնամիներով եւ շարունակաբար գտնվելով պատերազմական վտանգի առջեւ, պետք է վաղուց արգելվեր ինչպես այդ, այնպես էլ այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք պառակտում են հայ ժողովրդին:
Օրենքով կարող են եկեղեցին բաժանել պետությունից կամ միացնել: Տարբեր ժամանակներում, պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, կարող են տարբեր օրենքներ գրվել: Ի վերջո, դրանք մարդն է գրում եւ ոչ Աստված: Սակայն ժողովուրդն ավանդույթի ուժով, միեւնույն է, կապված է Մայր Եկեղեցուն, եւ այդ կապն ավելին է, քան որեւէ օրենք:
Հետեւաբար օրենքը սահմանում է միայն կառույցի արտաքին ձեւը` տեսանելի կերպը, որն այս պարագային Հայ եկեղեցու կարգավիճակն է եւ բխում է միանգամայն հայ ժողովրդի ներքին հոգեւոր համոզումներից: Այսօր անհնար է հայ ժողովրդին համոզել հակառակը եւ դարերով իր տեսածի եւ փորձածի փոխարեն մատուցել օտարը, որը հաճախ կեղծ է եւ ժամանակավրեպ:
Հայ եկեղեցին միայն պատմություն չէ, այն առաքելություն է, ինչպես ասում է լուսահոգի Հայրապետը, որը հայ ժողովրդի հետ գալիս է դարերի խորքից եւ գնում դեպի ապագա: Եկեղեցու կարգավիճակով մտահոգվողները թող հիշեն Խորհրդային աստվածամերժ ժամանակաշրջանը, երբ Եկեղեցին ոչ միայն զրկված էր որեւէ կարգավիճակից, այլեւ գտնվում էր ճնշումների եւ հալածանքների ներքո եւ միայնակ դիմակայում այդ դժվարություններին: Օրենքով սահմանված կարգով հայ ժողովրդին հեռացրել էին իր Եկեղեցուց, բայց երբ այդ օրենքն ու օրենքը սահմանողը փլուզվեցին, հայ ժողովուրդը շատ կարճ ժամանակահատվածում վերագտավ իր իրական արժեքները եւ համախմբվեց Մայր Եկեղեցու հովանու ներքո:
Ուրեմն էականը ոչ թե օրենքն է, այլ ավանդույթի ուժը եւ ժողովրդի համոզումը, որոնք տվյալ դեպքում արտահայտված են օրենքում:
Տ. ՊԱՐԹԵՎ վարդապետ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՄԻԱԲԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ
Հ.Գ. «Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է գերազանցապես, յուր հոտն ամբողջությամբ հայերից կազմված, յուր լեզվով, գրականությամբ, արվեստով, ժամերգությամբ եւ հոգեւոր կյանքով, բնականաբար նաեւ անցյալով եւ պատմությամբ, շաղկապված հայ ժողովրդի հետ»: Գարեգին կաթողիկոս Հովսեփյան
«Առավոտ»
04.07.2017