Աշտարակի կենտրոնական հատվածը սնող ջրագծերում, ջրակորստի հայտնաբերման նպատակով, «Վեոլիա Ջուր» ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Աշտարակ» տեղամասի ու «Գոտիավորման» խմբի աշխատակիցներն օրեր առաջ ուսումնասիրություն էին սկսել:
Անձնակազմի մասնագիտական բարձր հմտությունների եւ նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր եղավ ասֆալտապատ տարածքում հայտնաբերել վաղուց հողածածկ եղած, ջրմուղի աչքից «թաքնված» մի դիտահոր:
Իսկ որտեղ դիտահոր, այնտեղ էլ փականային հանգույց, որով կարգավորվում է ջրի բաշխիչ ցանցի աշխատանքը: Իսկ այստեղ, ինչպես մեր մասնագետները պարզեցին, տեղադրված էր քաղաքի կենտրոնական հատվածի մի շարք փողոցները սնող ջրագծերի` կարեւոր նշանակություն ունեցող հանգույցը:
Այս բառացիորեն պեղված դիտահորում կատարվեցին փականների պարզեցման, կարգավորման եւ որոշ հին փականների նորով փոխարինման աշխատանքներ, ավելորդ միացումներն էլ տեղում խցափակվեցին: Արդյունքում հնարավոր եղավ ջրագծերի ճնշումները դարձնել կառավարելի, իսկ դրանցով հոսող ջրաքանակը` վերահսկվող: Ի ուրախություն աշտարակցիների:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն