«Երբ ինձ ասում են, որ ինձ ներում են, իմ մեջ տպավորություն է ստեղծվում, թե հանցագործություն եմ կատարել, եւ ինձ ներում են: Ներում են նրան, ով վատ բան է արել, ես, ամենայն անկեղծությամբ, չեմ համարում, որ վատ բան եմ արել, ես ընդհանրապես չէի հասկանում իրավական առումով, թե ինչու եմ այս դեպքով պատասխանող»,- անդրադառնալով թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հայտարարությանը, թե ներում է իրեն ու հետ է վերցնում դատական հայցը՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով, եթե ինքն էլ լիներ տնօրեն, ում «անկեղծանալիս» ձայնագրել են, ինքը հաստատ կամ դատարան ընդհանրապես չէր դիմի կամ հետ կվերցներ հայցը: Մեր հարցին՝ ունի՞ հիմքեր մտածելու, որ Սուսաննա Գալստյանը խորհրդատու ունի, ում խորհրդով էլ հետ է վերցրել հայցը եւ արդյոք մյուս տնօրենները նույնպես կհետեւեն նրա օրինակին ու հետ կվերցնեն հայցերը, Իոաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, չգիտեմ՝ սա եզակի դեպք կլինի, թե՞ շատ կլինեն: Բայց ամեն դեպքում, եթե տնօրենները հայցերից հրաժարվեն, իշխանությունները բավականին լուրջ գլխացավանքից են ազատվում, որը մենք նրանց համար նախապատրաստում էինք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ