Մալթայում մեկնարկած բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների «C» դիվիզիոնի առաջնության մեկնարկային խաղում նախորդ մրցաշարի հաղթող Հայաստանի հավաքականն այսօր 35:54 հաշվով զիջեց Կիպրոսի թիմին:
Պատճառն ամենեւին էլ մրցաշարին անպատրաստ լինելը չէ: Հակառակը: Մեկնելուց առաջ հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը նշել էր, որ իրենք նախապատրաստության բավարար ժամանակ են ունեցել եւ թիմը բարձունքի վրա է: Բայց մեկնելուց առաջ Իտալիայի դեսպանատունը հավաքականի առանցքային չորս խաղացողի՝ Վիկտորիա Տոնոյանին, որը նաեւ թիմի ավագն է, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստիա Մելիքյանին եւ Նատալի Նաջարին շենգենյան վիզա չի տրամադրել:
Թիմը մրցավայր մեկնել է յոթ խաղացողով եւ Կիպրոսի հետ հանդիպումը գործնականում անցկացրել է գրեթե առանց փոխարինումների:
Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը Մալթան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի