Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը

Հուլիս 04,2017 19:30

Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է թեժ մրցակցություն և մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։ Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին կազմակերպիչները։

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ այն մեծ, ընդգրկուն նախագիծ է և՜ բովանդակությամբ, և՜ առաքելությամբ։ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ մրցույթ-փառատոնն առանձնանում է իր ձևաչափով. ամեն օր տեղի են ունենալու դասական երաժշտության համերգներ՝ ներգրավելով համաշխարհային մեծության աստղերի։ Երաժշտական այս նախաձեռնությունը համախմբելու է նաև հայաստանյան լավագույն կոլեկտիվներին։ Պարոն Սմբատյանը նշեց, որ Հայաստանն այն հարթակն է, որտեղ կայանում են բարձր մակարդակի միջազգային մրցույթներ, ինչը երաժշտական աշխարհում մեծագույն ձեռքբերում է։

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը նշեց, որ իր ղեկավարած հիմնադրամը, որ ստեղծվել է Մալթայում, բազմաթիվ մրցույթներ, փառատոներ, վարպետության դասեր է կազմակերպել և զբաղվում է դասական երաժշտության առաջմղմամբ։ Որպես օրինակ նա բերեց Մալթային միջազգային երաժշտական փառատոնը, որ տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլին և համախմբել է աշխարհի մեծանուն երաժիշտների։ Այդտեղ լայնորեն ներկայացված էր նաև Հայաստանը։ Պարոն Իշխանովը նշեց, որ Մալթայի միջազգային երաժշտական հաջորդ փառատոնը լինելու է էլ ավելի մեծ ու մասշտաբային։ Եվ այդ փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու դաշնակահարների մրցույթ, որի մրցանակային ֆոնդն աշխարհում թերևս ամենամեծն է՝ 200 հազար եվրո. առաջին մրցանակակիրը կստանա 100 հազար եվրո։ Այս ընթացքում կազմակերպվում են առանձին 11 միջազգային մրցույթներ Իտալիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հայաստանում և այլ երկրներում, և այդ մրցույթների լավագույն 5 դաշնակահարներն էլ կընդգրկվեն Մալթային միջազգային երաժշտական մրցույթի կազմում ու կպայքարեն դափնեկրի կոչման համար։ Պարոն Իշխանովը նշեց, որ առաջիկա օրերը Երևանում հագեցած են լինելու դասական երաժշտության երեկոներով և մեծ վայելք են պարգևելու դասականի սիրահարներին։

«Արմենիա» մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու են 14 երկրի (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Նորվեգիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սիրիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան) 48 երիտասարդ դաշնակահարներ (մինչև 34 տարեկան)։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Պարոն Բաբախանյանը ներկայացրեց նաև մրցույթի ժյուրիի անդամներին՝ Պաոլո Բալիերի (Իտալիա), Ռատկո Դելորկո (Գերմանիա), Վլադիմիր Օվչիննիկով (Ռուսաստան), Վալերիան Շուիկաշվիլի (Վրաստան)։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի  հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31