ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Լեհաստանի Պոդլասկիե վոյեվոդության պատվիրակությանը՝ Պոդլասկիե վոյեվոդության փոխմարշալ Մաչիեյ Ժիվնոյի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Պատվիրակությունը Հայաստանում է՝ մասնակցելու «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրմանը: Ծրագիրն իրականացվում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Դրամաշնորհ ստացած 46 կազմակերպությունների գերակշիռ մասը գործում է մարզերում:
«Տարածքային համաչափ զարգացման ոլորտում մեր նախարարությունը լեհական գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեծ փորձ ունի: Մենք կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցային կապերն անմիջապես քաղաքների միջև և հույս ունենք, որ այս այցելությունը համագործակցության նոր նախաձեռնություններ կստեղծի»,-ողջունելով հյուրերին՝ նշել է ՏԿԶ փոխնախարարը: Արդեն իսկ միջմարզային և միջքաղաքային համագործակցություն կա ՀՀ Շիրակի մարզի և Լեհաստանի Վելիկապոլսկա, Կոտայքի մարզի և Պոզնանի վոյեվոդությունների միջև, Գորիսի և Էլբլոնգ, Սևանի և Բրոդնիցա , Գյումրի և Բիալիստոկ քաղաքների միջև: Քննարկվել է Մասիս քաղաքի համար քույր քաղաքի ընտրության հարցը: Վ.Տերտերյանը կարևորել է նաև ՀԿ-ների կարողությունների հզորացմանն ուղղված Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը:
Պոդլասկիե վոյեվոդության փոխմարշալ Մաչիեյ Ժիվնոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խոսել այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Շիրակի, Արարատի մարզերում, տեղում քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները:Նա վստահեցրել է, որ դրանց մի մասը կդառնան մշակված համագործակցության փաթեթներ:
Պատվիրակության անդամների խնդրանքով Վ. Տերտերյանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին ու նախագծերին՝ որպես համագործակցության նոր կարևոր ուղղություններ առանձնացնելով կոշտ կենցաղային թափոնների վերամշակման, շինարարության, արևային էլեկտրակայանների արտադրության ոլորտները: Կարևոր է համարվել նաև Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև համագործակցության ստեղծումը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն