Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ Aravot.am-ին պարզաբանումներ էր ներկայացրել հունիսի 16-ին Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» 800 գրամ քաշով նորածնի մահվան դեպքի մասին։ Հովհաննես Հովհաննիսյանի պարզաբանումն աղմուկի թեմա էր դարձել։
Առողջապահության վարչության պետը, սակայն, այսօր հարկ համարեց հստակեցնել իր խոսքը՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում շփոթմունք է եղել, ինքը սխալմամբ «300 գրամ» քաշի փոխարեն ասել է «800 գրամ» ու ստացվել է այնպես, որ 800 գրամ քաշով ծնված երեխային չի կարելի լիարժեք մարդ համարել։
«Հեռախոսազրույցի ժամանակ իրոք սխալմունք է եղել, ես մի նախադասության մեջ սխալմամբ 300 գրամի փոխարեն ասել եմ 800 գրամ։ Ես ոչ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել, ու իմ պարզաբանման ժամանակ բացարձակ իրենց երեխային ի նկատի չեմ ունեցել, սա սխալմունք է, որի համար, սակայն, ծնողներից ներողություն եմ խնդրում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ