Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով վերսկսված դատաքննության ժամանակ այսօր մեղադրյալ Իսրայել Սարգսյանը հրաժարվեց լրացուցիչ հարցաքննությունից՝ պատճառաբանելով, որ այսօր պատրաստ չէ: Ինչի համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 10 –ը:
Դատարանն այսօրվա նիստին հրավիրել էր փորձագետներ Մնոյանին եւ Գևորգյանին: Մնոյանը կրկին պնդեց գործում առկա ձայնագրության մոնտաժված լինելը, իսկ մյուս փորձագետը պատասխանեց դատարանի հարցերին՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու համար մեղադրվող Մովսես Ներսիսյանի դիակին վերաբերող հարցերին:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը մեղադրվում է Մովսես Ներսիսյանին Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու, ապա հետքերը ծածկելու նպատակով Մովսես Ներսիսյանին սպանելու մեջ:
Փորձագետ Գեւորգյանի խոսքով, դիակի կմախքային ոսկորներն անհնար է, որ պահպանված չլինեին, կմախքն էլ չի քայքայվում, պարզապես հայտնի չէ, թե եթե դիակը կա, ապա ուր է ջուրը քշել-տարել:
Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանը Ներսիսյանին սպանել ու դիակը նետել է Զովունի տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ