Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկայատեր օլիգարխների պատերազմ Գյումրիում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանի ներկայությամբ (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 17:52

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու կենտրոնում վաղ առավոտից սկսվել էր բողոքի ակցիա․ ոտքի էին կանգնել կենտրոնական շուկայի ու «Լիանա» տոնավաճառի առևտրականները, քանի որ ինչ-որ մարդիկ փակել էին շուկա տանող ճանապարհը՝ բետոնե պատ կառուցելով (տես լուսանկարում)։

«Ասատրյան Սախալենա» ՓԲԸ-ին պատկանող տարածքը վարձակալած բողոքավոր առևտրականներից ճշտեցինք, որ պատը կառուցվել է երեկ երեկոյան՝ ժամը 19․17 սահմաններում, այնպիսի մի ժամի, երբ Արմավիրից ու տարբեր քաղաքներից Գյումրի եկած, միրգ-բանջարեղեն վաճառող առևտրականները փորձում են էժան գներով արագ սպառել ապրանքը՝ իրենց բնակավայր հասնելու համար։

Շուկայում մեզ պատմեցին, որ տեսնելով կառուցված պատը՝ շատերը վատացել են, անգամ շտապօգնության մեքենա է եկել, քանի որ սա անմիջապես հարվածում է իրենց բիզնեսին․ առևտուր անողների մեծ մասը վարկերի տակ են։

Հարցը լուծվել է այսօր Գյումրու քաղաքապետարան բողոք գնալուց հետո։ Գյումրու քաղաքապետարանից էլ պատմեցին, որ մի անհարմար վիճակ էր ստեղծվել․ ճիշտ այն պահին, երբ առևտրականները բողոքի էին եկել քաղաքապետարան, Գյումրու քաղաքապետը սպասում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, մի կերպ են կարողացել ճանապարհ բացել՝ դեսպանին Սամվել Բալասանյանի մոտ ուղեկցելու համար։

Թե ո՞վ էր կառուցել պատը, «Ասատրյան Սախալենա» ՓԲԸ տնօրեն Վահան Գևորգյանը մեր հեռախոսազրույցում ասաց, որ իրենք անուններ չեն տա, տեսախցիկների ֆիքսածն էլ հանձնել են ոստիկանություն, թող իրավապահ մարմինները պարզեն, թե ովքեր են։ Նա նաև նշեց, որ սա առաջին դեպքը չէ, որ իրենց փորձում են վատություն անել։

Սակայն շուկայի տարածքում առևտուր անողներից ոմանք մեզ հուշեցին, որ պատ կառուցելու հեղինակները գտնվում եմ դիմացի մայթին, շուկայի դիմացի հատվածի սեփականատերերն են։ Նշենք, որ դիմացի հատվածն էլ պատկանում է Ռուդիկ Խոջոյանին (քաղաքում առավել հայտնի է Շարամ անվամբ) ։

Իհարկե, բետոնե պատի հեղինակների ինքնությունը կպարզեն իրավապահները, մեզ իրավունք չենք վերապահում վերագրել այս արարքը նրանց, հատկապես որ «Ասատրյան Սախալենա» ՓԲԸ-ի տնօրենն անուններ չի տալիս։ Նշենք միայն, որ «Ասատրյան Սախալենա» ՓԲԸ-ն էլ պատկանում է մեկ այլ մեծահարուստի՝ ՌԴ-ում մեծ բիզնեսներ ունեցող մարմարաշենցի Գարեն Ասատրյանին։

«Ասատրյան Սախալենա» ՓԲԸ-ի լիազորված իրավաբան Արտակ Մովսիսյանն ասաց, որ պատը, բնականաբար, կառուցված է միտումնավոր, անզգուշությամբ չէին կարող այն կառուցել, բայց թե ինչ նպատակ են հետապնդել, վերջինս ասաց՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ «Ես որպես «Ասատրյանների Սախալենա» ՓԲԸ-ի լիազորված անձ, իրավաբան դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժին, նույնաբովանդակ դիմում նաև ներկայացրել եմ Շիրակի մարզի դատախազություն։ Հուլիսի 3-ին, ժամը 19․17-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան 137 հասցեում գտնվող «Ասատրյանների Սախալենա» ՓԲԸ մուտքի հսկիչն արդեն բնականաբար ոչ աշխատանքային ժամի նկատել է, որ ինչ-որ անհայտ անձինք մոտեցել են մուտքին և բետոնե պատնեշներ տեղադրելու ու դրանք զոդման միջոցով ամրացնելու ձևով փակել են ընկերության մուտքը, ինչ պատճառով անհնարին է դարձել ընկերության տարածք տրանսպորտային միջոցներով կամ ոտքով մուտք գործելը։ Այս ամենը ֆիքսվել է ընկերության տարածքը հսկող տեսախցիկներով, և դեպքն ամբողջությամբ նկարահանված է, իրավապահ մարմիններին է հանձնված այդ տեսագրությունը»,- ասաց Արտակ Մովսիսյանը։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին փոխանցեց, որ իր հանձնարարությամբ ոստիկանության «Կումայրի» բաժնում շուկայի միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բնականաբար, չէր կարողացել ընդունել շուկայի առևտրականներին ու լսել նրանց բողոքը, քանի որ վերջինս այդ ժամին հյուրընկալել էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Առևտրականներին ընդունել է փոխքաղաքապետ, նախկին դատախազ Վաղարշակ Մխիթարյանը։ Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են ցույց տվել իրենց ուսումնասիրությունները, ովքե՞ր են մենամարտում միմյանց հետո, որից տուժում են շուկայի առևտրականները։ Վերջինս ասաց, որ դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները, իրենք հետազոտել են, տեսել, որ համայնքապատկան ճանապարհի վրա, իրոք, պատնեշ է կառուցված, ոստիկանության միջոցով արագ հեռացրել են պատնեշը։

Որպես նախկին դատախազ՝ ի՞նչ որակավորում կտա այս արարքին, խուլիգանությո՞ւն է, մանկամտությո՞ւն է, թե՞ չարաճճիություն, Վաղարշակ Մխիթարյանն ասաց, որ ինքն այսօր փոխքաղաքապետ է, որակավորումները թողնում է իրավապահներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31