«25 տարվա ընթացքում երեք սահմանադրություն ենք ունեցել: Եթե առաջին երկուսը կապ ունեին միմյանց հետ, ապա վերջինը հիմարության, ապուշության, տխմարության, ծախվածության, մարդատյացության գագաթնակետն է»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա` միայն գիժը կարող է ասել, թե երկրորդ հանրապետությունից հետո գնում ենք երրորդ, ու դա կոչվում է անկախություն: Ըստ պարոն Հայրիկյանի` մեզանում շատ բան է խեղվել:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հիշեցրեց, որ ինքն ու Աշոտ Նավասարդյանն էին ժամանակին Սահմանադրությունն ուղարկել Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահություն, իսկ տեքստն անձամբ Հայրիկյանն էր գրել:
Պարույր Հայրիկյանն էլ արձագանքեց, թե այդ ժամանակ ինքը 26 տարեկան էր, դա իր խելքի բանը չէր, հետո ինչ, որ հրեշտակներն էին իրեն օգնել:
Ազատ Արշակյանը մտահոգված է, որ մեր ինքնիշխանությունը լուրջ սահմանափակումների է ենթարկվել. «Այս վերջին սահմանադրությունն էապես կրճատում է հայկական պետականության ինքնիշխանությունն ու լիարժեքությունը: Պետությունը թերի է, գլխավոր օրենքը սահմանափակում է պետականությունը: Այս Սահմանադրությունը սահմանափակում է մրցակցությունը: ԱԺ-ում չկա մրցակցություն. կայուն մեծամասնությունը համարում է, որ մրցակցությունը ձևական է:
Ըստ Պարույր Հայրիկյանի` այս Սահմանադրությունը չի լուծում այն կարևոր խնդիրը, որ քաղաքացին իրեն երկրի տեր զգա:
Անդրադառնալով նոյեմբերին Եվրամիության հետ կնքված շրջանակային համաձայնագրին` պարոն Հայրիկյանը հիշեցրեց եվրոպացիների սխալները. «Հետո ինչ, որ Պուտինը գիշերը Սերժ Սարգսյանին վախեցրել էր: Իրենք պիտի ասեին, որ մենք բանակցությունները շարունակում ենք: Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, դա մահկանացուի հայտարարություն է: Եվրամիության հետ բանակցություններ էինք վարում: Երևի եվրոպացիներն իրենց սխալը զգալով` հիմա փորձում են ինչ-ինչ բաներ անել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ