Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեք Պողոսյան. «Ուրուգվայական ֆիլմերի փառատոնին աջակցել է հայազգի նախարարը»

Հուլիս 04,2017 16:09

Հայաստանում երրորդ անգամ կկայանա Ուրուգվայական ֆիլմերի փառատոնը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց արգենտինացի դերասան, լրագրող եւ կինոգործիչ Ջեք Պողոսյանը, որը նաեւ Արգենտինայում հայկական ֆիլմերի ցուցադրման «Cinemateca Armenia» նախագծի հիմնադիրն է:

«Ֆիլմերի ցուցադրման մեկնարկը հուլիսի 5-ից է, ուրուգվայական ֆիլմերի փառատոնը կբացվի «Ամբոխը» ֆիլմով: Հրաշալի է, որ ուրուգվայական կինո ունենք Երեւանում: Աշխարհում չկա ուրիշ քաղաք, որ ամեն տարի ուրուգվայական ֆիլմեր է ցուցադրում: Ես նաեւ շատ հպարտ եմ, որ ուրուգվայական ֆիլմերի փառատոնի գլխավոր հովանավորը Ուրուգվայի զբոսաշրջության նախարարությունն է` ի դեմս հայուհի նախարար տիկին Լիլյան Քեշիշյանի: Ֆիլմերը կցուցադրվեն Մալյան թատրոնում, մուտքն ազատ է»,-տեղեկացրեց Ջեք Պողոսյանը:

Նրա խոսքով, այն ինչ արվում է «Cinemateca Armenia» նախագծի շրջանակում, Հայաստանում եւ Բուենոս Այրեսում, 100% անվճար կարելի է մասնակցել:

«Էմիլիանո Մասայի (Emiliano Mazza) եւ Մոնիկա Թալամասի «Ամբոխը» ֆիլմում շատ քիչ երկխոսություն կա, ֆիլմն ունի անգլերեն ենթագրեր ու հասկանալի է»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով. «Ամբոխը վավերագրական ֆիլմ է, որ պատմում է Ուրուգվայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ֆիլմը «խոսում» է այն պոռթկումների մասին, որոնք ի հայտ են գալիս ամբոխի մոտ, երբ այն ճգնաժամ է ապրում, փնտրում է հրաշքներ և հույսեր»:

Հուլիսի 6-ին նախատեսված է Դանիել Բուրմանի «Քույր եւ եղբայրը»: Քույրը եւ եղբայրը մեկը մյուսի կարիքն ունեն, բայց միաժամանակ ատում են իրար։ Սուսաննան և Մարկոսը անկարող են բուժել հին վերքերը, որ տանջում են իրենց մոր մահից հետո։ Սուսաննան վաճառել է մոր բնակարանը, զրկել եղբորը հարազատ օջախից։

Հուլիսի 7-ին կցուցադրվի Պաբլո Սթոլի «Երեքը» ֆիլմը: Սթոլը մասնակցել է մի շարք հեղինակավոր կինոփառատոների, այդ թվում Կաննի ու Ռոտերդամի, վերջինից էլ մրցանակ է ստացել:

Ինչ վերաբերում է «Երեքը» ֆիլմին, այն պատմում է Ռուդոլֆի (Ումբերտո դե Վարգաս) մասին, որին կյանքը դատարկ է թվում: Նրա առաջին կինը` Գրասիելան և նրանց չափահաս դուստրը՝ Աննան դժվարին պահեր են ապրում: Ռուդոլֆը, շուրջ տասը տարի ընդմիջումից հետո կրկին փորձում է նրանց կողքին լինել: «Երեքը» ֆիլմ է երեք հոգու մասին, որոնք դատապարտված են լինել մեկ ընտանիք:

Ի տարբերություն վավերագրական «Ամբոխը» ֆիլմի, մյուս ֆիլմերը խաղարկային են, բնագիր լեզուն իսպաներենն է, բայց ֆիլմերը ունեն անգլերեն ենթագրեր:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31