Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր արդեն որերորդ անգամ ընդմիջում հայտարարվելուց հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին գործընթացն ընդմիջեց՝ պաշտպանների ներկայությունն ապահովելու նպատակով: Բանն այն է, որ ժամը 15:15-ի դրությամբ նիստերի դահլիճում մնացել էին մեկ փաստաբան եւ մեկ ամբաստանյալ՝ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանը:
Ավելի վաղ փաստաբանների մի մասը սանկցիաների էր ենթարկվել, մյուսներն էլ առանց իրենց պաշտպանյալների, որոնք հեռացվել են նիստից մի քանի ժամով, հրաժարվում են ներկա լինել: Հերթական ընդմիջումը հունից հանեց ամբաստանյալների՝ ապակե պատնեշից այս կողմ գտնվող հարազատներին ու համակիրներին: Նրանք դժգոհեցին, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ավելի շատ ընդմիջում է, քան աշխատում: Դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ ու անեծքներ հնչեցին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ