Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտաբան. առավոտյան վազքը ոչ միայն օգտակար չէ, այլեւ` վնասակար է (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 14:45

Վաղ առավոտյան սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հավանականությունն ավելի բարձր է, քան օրվա մյուս ժամերին, այդ պատճառով էլ առավոտյան վազքը խորհուրդ չի տրվում: Այսօր այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Բժիշկ Հայրապետյանը խոսելով այս օրերին հանրապետությունում արձանագրվող բարձր ջերմաստիճանից, ասաց, որ այն խնդիրներ է ստեղծում հատկապես սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Ըստ բժշկի, շոգի պայմաններում մարդիկ պետք է առնվազն 2-2,5 լիտր հեղուկ օգտագործեն, որպեսզի վերականգնեն օրգանիզմի կորցրած հեղուկը, որի հետ նաեւ մարդու օրգանիզմից կարեւոր հանքանյութեր են դուրս գալիս: Բժշկի խոսքով, նախընտրելի են առանց գազավորված հանքային ջրերը, որոնք պարունակում են հանքային աղեր` մասնավորապես կալիում եւ մագնեզիում:

Այդուհանդերձ, պարոն Հայրապետյանը սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին կոչ է անում հեղուկի չափաքանակը բուժող բժշկի հետ համաձայնեցնել` խնդիրներից խուսափելու համար:

Սրտաբանն ասաց, որ հիվանդություններից մահերի կառուցվածքում շարունակում են լուրջ տեղ զբաղեցնել սրտանոթային հիվանդություններից մահերը, որոնք 40 տոկոս են կազմում:

Aravot.am-ի հարցին, թե առողջապահության նախարարությունը հիվանդությունը կանխարգելելու նպատակով արդեն քանի տարի է՝ սկրինինգային, սրտի ստենտավորման ծրագրեր է իրականացնում, արդյոք այս ամենը չի՞ նվազեցնում հիվանդացության տոկոսը, ԱՆ գլխավոր սրտաբանը պատասխանեց, որ վերջին մեկ տարում նվազում է նկատվում: Ըստ նրա, ներդրվել են նորագույն սարքավորումներ, բուժման նոր մեթոդներ, այդ պատճառով էլ հիվանդանոցային մահերի թիվը կրճատվել է:

Բժիշկը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում դեռեւս ցածր է մնում առողջապահական մշակույթը եւ մարդիկ լուրջ նշանակություն չեն տալիս հիվանդության ախտանշաններին, բացի այդ, չեն հետեւում քաշին, առողջ ապրելակերպ չեն վարում, ծխում են, ալկոհոլ են օգտագործում, ինչը նպաստում է հիվանդության զարգացմանը:

Մեր այն հարցին էլ, թե այսօր խնդիր է համարվում նաեւ բժիշկների` այդ թվում նաեւ լավ սրտաբանների արտահոսքը, պարոն Հայրապետյանը պատասխանեց` այո, նման խնդիր կա: Ըստ բժշկի՝ մեր սրտաբանները պահանջված են հատկապես եվրոպական երկրներում: Նրա խոսքով, գնացողներ էլ կան, բայց նաեւ վերադարձողներ ունենք, որոնք դրսի փորձով հանդերձ են վերադառնում:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31