Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Դուք չեք որոշում` ես երբ ինչ անեմ» (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 14:18

Այսօր խորհրդարանում, Aravot.am-ը բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին հարցրեց`իր եւ գործարար Սիլվա Համբարձումյանի հարաբերությունները կարգավորվեցի՞ն: Հարցը լսելուց հետո Արամ Հարությունյանն ասաց, որ ինքը շտապում է, նիստը հիմա պետք է սկսվի, պետք է դահլիճ գնա:

Հիշեցնենք, սկանդալային գործարարը հայտարարել էր, որ 2008 թվականին 10 հանք շահագործելու համար 14 միլիոն դոլար կաշառք է տվել այդ ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Գործը քննվում էր ՀՔԾ-ում, 2015 թվականի օգոստոսից: Ըստ գործարարի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել էր լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ «ձեռքերը լվացել» էր, ինչից հետո Համբարձումյանը դիմել էր իրավապահներին։

Գործով ապացույցներ էին ձեռք բերվել, որոնք վկայում էին խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Արամ Հարությունյանը հերքել էր այս ամենը՝ նշելով, թե 2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) իր ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել։ Գործը կարճվեց`անբավարար ապացույցների հիմքով: «Չորրորդ ինքնիշխանությունն» էլ գրեց, որ գործը կարճվել է մեծ գումարի դիմաց:

Խորհրդարանի նիստի ընդմիջմանը, երբ Արամ Հարությունյանը դուրս եկավ դահլիճից, նորից մոտեցա եւ հույս հայտնեցի, որ պատգամավորը երկու րոպե ժամանակ կգտնի հարցերիս պատասխանելու համար: Արամ Հարությունյանն արագ մտավ խորհրդարանի աշխատասենյակներից մեկը, դուռը փակեց`շպրտելով. «Դուք չեք որոշում, ես երբ ինչ անեմ»:

Նման պահվածքով Արամ Հարությունյանն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում: Երբ նա ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից, ի նշան բողոքի, մարզպետարանի աշխատակիցներն ակցիա էին կազմակերպել`դրսեւորելով իրենց ուրախությունը նրա ազատման առիթով: Մեզ հետ զրույցում աշխատակիցները պատմել էին, որ իր տասն ամիսների աշխատանքի արդյունքում Արամ Հարությունյանը աչքի էր ընկել իր անքաղաքավարի վարքով`իր ենթակաների նկատմամբ լավ վերաբերմունք չդրսեւորելով:

Հիշեցնենք, որ նախարար եղած ժամանակ Արամ Հարությունյանը ակտիվիստներից մեկին էլ սպառնացել էր ականջները կտրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31