«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ:
Մի քանի րոպեով նիստերի դահլիճ բերվեց Ժիրայր Սեֆիլյանը, որպեսզի դատավորը ճշտի նրա պաշտպանի հարցը: Դատավորը Սեֆիլյանին հիշեցրեց, որ վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանը մի քանի նիստ է՝ ինչ չի ներկայացել դատարան, ուստի Սեֆիլյանը կարող է որոշել փոխել պաշտպանին կամ դա կանի դատարանը:
Սեֆիլյանն ասաց, որ իր խնդրանքով է Տիգրան Հայրապետյանը բացակայում նիստերից եւ այլ պաշտպան ինքը չի ուզում: «Ձեր պաշտպաններին ձեզ պահեք»,- դիմելով դատավորին՝ ասաց Սեֆիլյանը:
Նույն պահանջով հանդես եկավ նաեւ նիստերի դահլիճ բերված ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը, որը պնդեց իր փաստաբան Տիգրան Եգորյանի ներկայությունը:
Դատավորը եւս մեկ ժամով ընդմիջեց նիստը, որպեսզի ամբաստանյալները մտածելու ժամանակ ունենան:
Հիշեցնենք, որ նշյալ ամբաստանյալների, ինչպես նաեւ Ներսես Պողոսյանի եւ նրանց փաստաբանների հանդեպ սանկցիաներ են կիրառվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ