«Սեւանի մասին ձոներ ասելու փոխարեն հարկավոր էր գործ անել»,- այսօր ԱԺ-ում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախագծի մասին:
Ըստ Վարդան Բոստանջյանի, ամբողջ նախագիծը հակասահմանադրական է. «Լրացուցիչ վճարներ են: ՀՀ օրենսդրությունում կան հարկեր, տուրքեր, լրացուցիչ վճարներ հասկացություն գոյություն չունի: Տնտեսվարող սուբյեկտների երկու անուն է նշված՝ Էլեկտրացանցերի եւ միջազգային կորպորացիայի անունն է նշված, ասում են՝ ինչ ունեք- չունեք, կտաք մեզ, բացի լրացուցիչ գումարներից կարող է պատահի տունն էլ պահած փող ունեն, էդ էլ կարող է ուզեն, հասկանո՞ւմ եք: Սեփականության իրավունքը ՀՀ-ում պաշտպանված է, ինչպե՞ս կարելի է մի հասարակ օրենքով, այն էլ սխալ օրենքով նման բաներ անեն»:
Վարդան Բոստանջյանը նախագծից մեջբերում արեց, որ լրացուցիչ գումարները տեղափոխվում են արտաբյուջետային ֆոնդ: Բոստանջյանի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետբյուջե չի մտնում, արտաբյուջետային ֆոնդերը ծածկված են, թափանցիկությունից զուրկ, որտեղ կոռուպցիոն ռիսկեր գոյություն ունեն. «Մի խոսքով, այո, մեր գյուղացիներին օգնելու համար արեք կողմ քվեարկենք, չնայած էնքան էլ արժանի չի կողմ քվեարկելու, չեմ ուզում էլ ավել-պակաս խոսամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ