Լեոնիդ Ազգալդյանի մտերիմ գործիչները մտահոգություն են հայտնում, որ նրա անձի անվան շուրջ ապատեղեկատվություն է տարածվում:
«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ 9 հիմնադիրներից, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերներից Կարապետ Կարապետյանը նշեց, որ կան մարդիկ, որոնք շահարկում են հերոսի անունը և իրականությանը չհամապատասխանող դեպքեր են ներկայացնում հերոսի ծննդյան 75-ամյակի նախօրեին: Նա վկայակոչեց Սարգիս Հացպանյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն Վարդենիսում զինաթափել է Լեոնիդ Ազգալդյանին և հավաստիացրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Մեր նպատակն է զերծ պահել ժողովրդին սխալ լրատվությունից: Չենք ուզում, որ սուտը դառնա պատմություն: Մենք ապառազմականացման որոշում էինք ընդունել, և բոլորն էլ գիտեին, որ Լեոնիդ Ազգալդյանը կատարել է անկախության բանակի այն ժամանակվա խորհրդի որոշումները: Լեոնիդ Ազգալդյան-Աշոտ Նավասարդյան հակադրելու նպատակ չի եղել: Մենք դա արել ենք նրա համար, որ ցույց տանք՝ ապառազմականացումը տեղի է ունենում»:
Պարոն Կարապետյանը պնդեց, որ դա սուտ է՝ ՀՀԿ-ն անկախության բանակը չի զինաթափել:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Արկադի Բրուտյանը հավաստիացրեց, որ այս հարցում անձերի խնդիր չկա. «Այստեղ ինֆորմացիայի պակասի խնդիր կա: Մարդիկ այն ժամանակ լրիվ չեն իմացել, ամեն ինչ գաղտնի էր, շատ քիչ մարդիկ էին տիրապետում ինֆորմացիային: Լեոնիդ Ազգալդյանն ու Աշոտ Նավասարդյանը՝ երկու հսկաները, երբեք իրար չեն խանգարել: Նրանք միասին են աշխատել: Աշոտ Նավասարդյանն էլ մի մեծություն է, որին անպայման պետք է հիշենք»:
Պարոն Կարապետյանն էլ հավելեց, եթե նման բան եղած լիներ, Լեոնիդ Ազգալդյանը ՀՀԿ-ի շտաբից չէր հուղարկավորվի, իսկ ինքն այստեղ նստած չէր լինի հերքելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի