Այսօր ԱԺ-ում Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը հիշեցրեց, որ այս հարցը միշտ հակասական քննարկումների տեղիք է տվել, մարդկության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա միշտ խնդրահարույց հարց է: Տարաձայնություններ առաջանում են, որովհետեւ, ըստ պատգամավորի, տարբեր մարդիկ տարբեր կերպ են նայում Սեւանին: Սեւանը էկոհամակարգ է, էներգետիկների համար՝ էլեկտրաէներգիայի աղբյուր, գյուղացիների համար Սեւանը ջրի պաշար է, իր համար՝ հանգստի հարթակ:
Արման Սաղաթելյանն ասաց, որ անշուշտ էկոլոգիական համակարգի վրա ազդեցություն ունենալու է նախագիծը եւ բնական է, որ բնապահպանության նախարարությունը պետք է բացասական եզրակացություն տար. «Եթե հիշենք 90-ականների սկիզբը, ինձ համար տարօրինակ էր, երբ կային մարդիկ, որ ծառը ընկալում էին՝ որպես ջերմություն տվող օբյեկտ, ինձ համար ծառը ընդամենը էսթետիկական արժեք ունեցող երեւույթ էր, բոլորիս ընկալումները միանման չեն: Երբ որ իմ երեխաները փոքր ժամանակ կով էին տեսնում, ուրախանում էին, ասում էին՝ վա՜յ, կովիկ: Գյուղաբնակի ընկալումը կովին տարբեր է, մսավաճառը այլ կերպ է նայում, կենդանաբանը՝ այլ»:
Ըստ պատգամավորի, նախագիծը եթե չընդունվի, շատ ավելի լուրջ հետեւանքների կբերի, ուստի կառավարության գործառույթն է ծանրութեթեւ անել:
Արմենուհի Կյուրեղյանին հետաքրքրում էր՝ ինչքա՞ն պիտի շարունակվի այս քայլերը՝ անընդհատ ջրառ իրականացնելու: Ինչո՞ւ քայլեր չեն կատարվում՝ ջրի կորուստները, արտահոսքը կանխելու համար: Ըստ նրա, նման հարցերն են, որ անվստահություն են առաջացնում եւ մարդիկ չեն ուզում հետագայում ջրառը թույլ տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ