Նոր սահմանադրության պահանջի համաձայն՝ հուլիսի 19-29-ը Արցախի Հանրապետության խորհրդարանը կընտրի նախագահ՝ երեք տարի պաշտոնավարմամբ: Մինչեւ 2020 թվականը երկիրը կկառավարվի անցումային ռեժիմով:
Հարցազրույց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻ հետ
-Անդրադառնանք խնդրի իրավական կողմին. Բակո Սահակյանը նախկին սահմանադրությամբ նախատեսված երկու ժամկետով արդեն պաշտոնավարել է, օրենքը չի՞ արգելում նրան կրկին առաջադրվել:
-Իհարկե՝ ոչ: Իրավական առումով որեւէ հակասություն չկա: Նոր սահմանադրությունը, որն ընդունվեց Արցախի Հանրապետության ընտրողների մեծ մասի կողմից, շատ հստակ՝ սեւով սպիտակի վրա, սահմանում է, որ խորհրդարանն անցումային փուլի համար 2017-ի հուլիսին կընտրի նախագահ՝ երեք տարի պաշտոնավարմամբ, այսինքն՝ մինչեւ 2020 թվականը:
Անցումային այս փուլում Արցախի նախագահը կընտրվի ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ խորհրդարանի կողմից: Ի դեպ, ասեմ, որ Արցախի նորագույն պատմության մեջ մեկ անգամ արդեն նման ընտրություն ունեցել ենք, դա եղել է 1994-ին, երբ խորհրդարանը երկու տարով նախագահ ընտրեց Ռոբերտ Քոչարյանին: Դրանից հետո նախագահն ընտրվեց համաժողովրդական քվեարկությամբ: Այնպես որ, նախադեպը եղել է, ոչ ոք թող փորձ չանի շահարկվել, առավել եւս անձնավորել այս գործընթացը, Արցախում չի կարող լինել մեկը, որը սեփական շահերը կարող է գերադասել ընդհանուրի ու երկրի շահերին:
Վստահ եմ, որ Բակո Սահակյանի դեպքում եւս այդպես չէ: Իսկ երբ 2020-ին կգործի նոր սահմանադրությունը, համաժողովրդական քվեարկությամբ տեղի կունենան ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ նախագահի ընտրություններ: 2020-ից հետո մեկ անձն այլեւս իրավունք չի ունենա երկու անգամից ավել առաջադրվել:
-Այս պահին առաջադրված միակ թեկնածուն Բակո Սահակյանն է, հնարավո՞ր է, որ խորհրդարանական մյուս ուժերը սեփական թեկնածու չառաջադրեն ու դարձյալ պաշտպանեն Սահակյանի թեկնածությունը:
-«Ազատ Հայրենիքն» ու Դաշնակցությունը առաջիկայում կանցկացնեն իրենց համագումարները, սպասենք նրանց պաշտոնական հայտարարություններին, չնայած վստահ եմ, որ նրանք կառաջադրեն Բակո Սահակյանի թեկնածությունը: «Ազատ Հայրենիքն» ու Դաշնակցությունը նախորդ ընտրություններում եւս առաջադրել են Բակո Սահակյանի թեկնածությունը, կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ կառաջնորդվեն նաեւ այս անգամ:
Խորհրդարանում մնում են երկու կուսակցություններ՝ «Վերածնունդը» եւ «Շարժում 88»-ը: Չգիտեմ, թե ինչպե՞ս կվարվի «Շարժում 88»-ը, բայց վստահ եմ, որ «Վերածնունդը» չի պաշտպանի Բակո Սահակյանի թեկնածությունը, որովհետեւ նրանք անընդհատ դեմ են արտահայտվում:
Գիտեք, մենք մտածեցինք այսպես: Առաջին՝ եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ իր թեկնածուն առաջադրեր, ապա հնարավոր էր, որ մեր հասարակության ներսում որոշակի լարվածություն լիներ, քանի որ ամեն մի քաղաքական ուժ իր էլեկտորատն ունի՝ հասարակությունը կկիսվեր բանակների: Բայց այս իրավիճակում Արցախին դա հարկավոր չէ:
Երկրորդ՝ Արցախի խորհրդարանն ունի 33 պատգամավոր, նախագահը պետք է ստանա 22 ձայն, այսինքն՝ ձայների 2/3-ը: Չկա որեւէ քաղաքական ուժ, որի թեկնածուն կարող է այդքան քվե ստանալ: Այսինքն՝ ցանկացած կուսակցության թեկնածու՝ թե՛ մեր, թե՛ գործընկեր կուսակցությունների, առաջադրվելու դեպքում բացառված է, որ կարողանա հավաքել 22 ձայն:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում