Հայաստանին պարտադրված է ռուսականից էլ
ցածր մակարդակի «ռուսական ապրելակերպ»
Ռուսական զենքի մատակարարումները Բաքվին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ էներգետիկ համագործակցության բազմամիլիարդ հեռանկարների նկատմամբ ակնհայտ դժկամությունը ՀՀ իշխանության կողմից, ԵՄ հետ նոր համաձայնագրի կնքման աղոտ հեռանկարները եւ, վերջապես, «թավշյա հեղափոխության» գաղափարը քաղաքական դաշտ քարշ տալու փորձերը բերում են մի քանի նկատառումներ ներկայացնելու անհրաժեշտության:
Հայաստանի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարը, նշեցին, որ, փաստորեն, Բաքվի ռեժիմի անմեղսունակության պատճառով ցանկացած զինամատակարարում բերում է նոր ռիսկերի: Վիգեն Սարգսյանը նշեց երկու երկիր՝ Ռուսաստանը եւ Իսրայելը: Իհարկե, արձանագրման մասով ՊՆ ղեկավարը մասնակի պարզություն մտցրեց, սակայն հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է այդ գնահատականին հետեւելու: Անշուշտ, սա այն դեպքն է, երբ ավելի լավ է արածդ քայլերը հետո ուրիշներն արձանագրեն, այլ ոչ թե վաղօրոք երկար-բարակ բարձրաձայնես, թե ինչ ես անելու, սակայն այստեղ դեռ որեւէ բան չի ուրվագծվել եւ կարճ ժամանակում հազիվ թե ուրվագծվի:
Իսկ ԱՄՆ, այնուհետեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջարկություններն արեւային էներգիայի ոլորտում անպատասխան թողնելու ֆոնին նման անբավարար արձագանքն այլեւս ուրիշ բացատրություն չունի, քան այն, որ Ռուսաստանն ուղղակի նոր «Կոլցո» օպերացիա է խոստացել Հայաստանին եւ Արցախին՝ «բարեհաջող» ավարտելով դրա առաջին փուլը, այն է՝ շրջափակումը լիակատար է, մնում է կրակել: Մեզ պարտադրված է ռուսականից էլ ցածր մակարդակի «ռուսական ապրելակերպ», եւ Հայաստանին արգելված է զարգանալու որեւէ հեռանկար, քանի որ այն ապրիորի եւ բոլոր դեպքերում հանգեցնելու է ռուսական ազդեցության եւ ներկայության սկզբունքային եւ անդառնալի նվազման:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ Բելառուսին հասցեագրված «կիսակշտամբանքը», որի հասցեատերերը, փաստորեն, բոլոր եվրոպական հետխորհրդային երկրներն են, է՛լ ավելի խճճեց Հայաստան-ԵՄ պայմանագրի սպասվելիք ստորագրմանը մնացած ժամանակաշրջանը: Ըստ հայտարարությունների՝ այն պետք է կայանա ս.թ. նոյեմբերին, սակայն մնում է անհասկանալի նախ, թե դա ինչ պայմանագիր է, եւ ինչ հետեւանքներ է խոստանում Հայաստանին «մեր ռազմավարական դաշնակցի» մասով: Պարոն Լավրովը դժգոհում է, թե Մոսկվան Արեւելյան գործընկերության հետ կապված չունի ոչ ալերգիա, ոչ էլ խանդ, սակայն «ոմանք» ձգտում են գործընթացը «կրկին վերածել հակառուսական մտահղացման»:
Ավելորդ է այս էլ որերորդ անգամ փորձել բացատրել Մոսկվային կամ կոչ անել փորձել բացատրել, որ Եվրոպայի եւ Արեւմուտքի հետ համագործակցությունը կապ չունի ռուսասիրության կամ հակառուսականության հետ:
Արեւելյան Եվրոպայի հիմնահատակ ավերված երկրները, որոնք դարձել էին Կարմիր բանակի տեղակայման գոտի, փորձեցին դա անել 1940-ականների երկրորդ կեսին: Եվ ի՞նչ, համոզեցի՞ն: Ամենեւին, նրանց ուղղակի արգելվեց օգտվել Մարշալի պլանից, նրանց կապերն Արեւմուտքի հետ հասցվեցին նվազագույնի, եւ միայն Հարավսլավիայի առաջնորդ Տիտոն համարձակվեց ձեռնոց նետել Կրեմլին՝ չնայած իր հայացքներով եւ մեթոդներով սովետական բռնապետներից ոչ պակաս բռնապետ էր, սակայն դա նրան հաջողվեց, քանզի Հարավսլավիայում Կարմիր բանակ չկար: Նույնն էր մեկ էլ Հյուսիսային Կորեայի ռեժիմը հիշեցնող Ալբանիայում մինչեւ ԽՍՀՄ փլուզումը:
Իսկ այն, որ Ռուսաստանն սկզբունքորեն ընդունակ չէ համակարգային հիմնահարցեր լուծելու՝ պարզ էր ի սկզբանե, ինչպես եւ պարզ էր, որ դրա փոխարեն հենց ինքն է դարձել սկզբունքային խնդիր, նաեւ կարող է բազմաթիվ խնդիրներ հարուցել՝ որտեղ կարողանա եւ որքան կարողանա: Առաջինն իրենց վրա դա զգացին բեռլինցիները, հետո հունգարացիները, չեխերը եւ սլովակները, հետո լեհերը…
Հայաստանում այսօր խոսում են «թավշյա հեղափոխությունից» մարդիկ, ովքեր մի քանի առիթներով պարզապես մսխել են իրենց քաղաքական կապիտալը: Եվ դա խնդրի ամենամեծ բացը չէ: Բայցեւայնպես, դա առիթ է եւս մեկ անգամ փորձելու «չափել», թե որ կետում է հայտնվել այսօր Հայաստանը, փորձելու համար նաեւ կշռել, թե որքան են «թավշյա հեղափոխության» շանսերը Հայաստանում: «Այսպես կոչված՝ գունավոր հեղափոխությունները» գլխավոր սպառնալիք հռչակած ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը որքանո՞վ է պատրաստ նման զարգացումների, եւ ինչպիսի՞ պատասխան կստանանք մենք նման դեպքում:
1968-ին եւ 1989-ին Չեխոսլովակիան քաղաքական մշակույթի առումով նույն՝ «թավշյա» նշաձողն էր ապահովել, սակայն, ինչպես հայտնի է, դրանք ունեցան տարբեր վերջաբան: Բրեժնեւը դա ճնշեց տանկերով՝ չնայած խոսք չէր գնում Պրահայի կողմից սովետական ճամբարը լքելու մասին, այլ ընդամենը՝ համակարգի «մարդկային դեմքի», եւ Բրեժնեւը նույնիսկ դա չէր հանդուրժում: Իսկ Գորբաչովը երեք տասնամյակ անց ուղղակի ընդունեց ի գիտություն ոչ միայն ժողովրդավարությունը, այլեւ Չեխոսլովակիայի, այնուհետեւ՝ Չեխիայի եւ Սլովակիայի կողմից Վարշավյան պայմանագրից դուրս գալու փաստը: Հարցն այն չէ, որ Գորբաչովն ավելի «բարի» էր: Նրա «բարության» մասին գիտեինք մենք՝ 1988-ի երեւանցիներս, 1989-ի «Կոլցո» օպերացիայով բռնագաղթած արցախցիները, «երեք ժամով ուշացած ռուսների» հույսին մնացած եւ կոտորածից մի կերպ փրկված սումգայիթցի եւ բաքվեցի հայերը, 1989-ին Ռուսթավելու պողոտայի վրա բահերով ջարդի ականատես թբիլիսցիները, տանկերի դեմ դուրս եկած վիլնյուսցիները: Ոչ, նա հաստատ «բարի» չէր, նա ուղղակի այլ ելք չուներ, իսկ ելք չուներ, քանզի կայսրությունը մեռնում էր, եւ երբ մեռավ՝ անկախացանք թե՛ մենք, թե՛ վրացիները, թե՛ լիտվացիները, թե՛ մնացածը, իսկ Վարշավյան պակտն ուղարկվեց պատմության աղբանոցը:
Անշուշտ, Հայաստանում առկա են բոլոր հիմքերը, որոնք տարբեր ժամանակներում հանգեցրին «թավշյա հեղափոխությունների» տարբեր երկրներում: Սակայն այսօր, ինչպես տեսնում ենք, մենք բախվում եւ բախվելու ենք անընդունելի ռիսկերի: Եթե Ուկրաինայի արեւմտյան հարեւանը Լեհաստանն է, Վրաստանինը՝ Սեւ ծովը, ապա Հայաստանինը Թուրքիան է՝ դրան գումարած ֆիզիկական անվտանգության սպառնալիք Ադրբեջանից, որը մեծ խնամքով եւ նավերով «բուծում է» մեր «դարավոր բարեկամը»: Հետեւաբար այս ամենի մասին խոսելը կլինի ակտուալ, երբ գործ կունենանք մեռնող Ռուսաստանի հետ, իսկ իրականություն կդառնա միայն այդ կայսրության փլուզման երկրորդ փուլի մեկնարկից հետո: Եվ գոնե մեզ համար դրա չափանիշը մեկն է. երբ Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը «կծածկի» Վրաստանը եւ կդառնա մեր անմիջական հարեւանը…
Իսկ մինչ այդ, երբ ձեր իմացած «թավշյա հեղափոխությունը» ձեզ հետ միասին դեռ կարող է հայտնվել տանկերի թրթուրների տակ, իսկ իշխանությունը՝ Հոկտեմբերի 27-ի կրկնության սպառնալիքի ներքո, ուղղակի խնայե՛ք ձեր «փամփուշտները» եւ ավելորդ անգամ օդ մի՛ կրակեք, էլ չեմ խոսում «ի զե՛ն» կոչեր հնչեցնողների մասին, երբ անխուսափելի է, որ ոչ միայն ձեր մի քանի կտոր զենքը ձեր եւ շատերի գլխին են ջարդելու, այլեւ «փուռն եք տալու» ձեր հետեւից գնացած մի քանի մոլորյալներին:
Այսօր նաեւ իշխանությունը պետք է հնարավորինս հեռու մնա «ռուսական ապրելակերպին» բնորոշ՝ բիրտ եւ այլանդակ պրակտիկաներ կիրառելով երկրի ներսում հարցեր լուծելու գայթակղությունից, այլ օգտագործելով առկա «միջանցքի» հնարավորությունները՝ ավելի հեռատես քայլերի դիմի, եւ դա բխում է ոչ միայն իշխանության շահերից, բայց առաջին հերթին՝ հենց իշխանության շահերից: Ամեն ինչը մի կողմ, բայց Հայաստանն այն իրավիճակում չէ եւ չի էլ լինի, որպեսզի այս «ռուսական» համակարգի անխուսափելի կործանումից հետո իրեն թույլ տա այնպիսի շռայլություն կամ «հաճույք», ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, հաշվեհարդարները, արյունահեղությունը, բանակի քայքայումը:
Դեռ գալու է «քարերը հավաքելու ժամանակը»: Իսկ մինչ այդ ուղղակի խնայեք ձեր «փամփուշտները»:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
04.07.2017