Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում բնապահպանության նախկին նախարարի անօրինական առանձնատան հարցը բարձրացրեցին՝ Շորժայի ափին (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 13:00

«Ոռոգման համակարգերի մաշվածության պատճառով տեղի են ունենում ջրի կորուստներ եւ որպեսզի կորուստների ցուցանիշը նվազի, կառավարությունը տարեցտարի հատկացնում է գումարներ՝ վերանորոգման համար: Օրինակ, 2013-ին տրամադրվել է 697 մլն դրամ 2014-ին՝ 998 մլն դրամ, 2015-ին՝ 907 մլն դրամ»,- այսօր ԱԺ-ում Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ իրականացնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը:

Չնայած այս հատկացումներին, Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն, ջրի կորուստների ցուցանիշը ոչ միայն չի նվազել, այլեւ աճել է, 2013-ին ջրի կորուստը կազմել է 44.8 տոկոս, 2014-ին 45.5 տոկոս, Ջրտնտպետկոմի հաշվարկներով էլ ջրի կորուստը կազմում է 55 տոկոս. «Եթե այդպես է, մեղավոր անձինք պետք է պատասխանատվության՝ ոռոգման համակարգերի վերանորոգման համար ծախսված գումարի վատնման համար»,- ասաց Լենա Նազարյանը:

Ըստ նրա, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, ջրօգտագործող ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում:

ՀՀԿ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը հարակից զեկուցողն էր, ԱԺ-ում իր ելույթում համոզում էր, որ ջրառն անհրաժեշտություն է:

Լենա Նազարյանը նախկին նախարարի համար մի դիպուկ դիտարկում արեց, որը վերաբերում էր իր առանձնատանը. «Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու կառուցված է մի առանձնատուն, որը, գյուղացիների վկայությամբ պատկանում է Արամ Հարությունյանին եւ բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի՝ ջրի տակն անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր: Հիմա պարզ է, որ Սեւանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում: Մարդիկ չեն դադարում խոսել, որ ջրառի նպատակն է ափամերձ շինությունները պահպանելը, իրավունք ունեն խոսելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31