2016թ. դեկտեմբերից «Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակի» հայաստանյան ներկայացուցչությունն իրականացնում է «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագիրը:
Հայրենիք վերադարձած հայ միգրանտները դիմում են ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունում գործող «Վերաինտեգրման ուղղորդման կենտրոն», որտեղ տրամադրում են վերաինտեգրման հնարավորությունների եւ ծառայությունների մասին տեղեկատվություն, իրավական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություն: Կենտրոնում գնահատում են հայ միգրանտի կարիքները եւ նրան ուղղորդում դեպի պետական եւ ոչ պետական կառույցներում իրականացվող որոշակի ծրագրեր:
Երեւանի N1 տարածաշրջանային պետական քոլեջում, օրինակ, ԵՄ երկրներից կամավոր կամ պարտադրաբար վերադարձած ՀՀ քաղաքացիներն անվճար սովորում են սեղանի ձեւավորում, դիմահարդարում, վարսահարդարում:
Քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատում է՝ այս ծրագրի մասնակիցները ՀՀ աշխատաշուկային ինտեգրվելու խնդիր են լուծում. «Փորձում են նոր հմտություններ ձեռք բերել եւ մասնագիտություն սովորել, որպեսզի կարողանան հասարակության լիարժեք անդամ դառնալ եւ տեղ ունենալ աշխատաշուկայում»:
«Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագիրը ենթադրում է նաեւ ֆինանսական որոշակի աջակցություն՝ սեփական բիզնես սկսելու համար: Վերադարձող հայ միգրանտները հնարավորություն ունեն նաեւ ստանալու բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ժամանակավոր կացարան:
Ցանկացողների համար կազմակերպվում են նաեւ հայոց լեզվի դասընթացներ: Այս ծրագրի մասնակից-միգրանտներին տրվում է հավաստի տեղեկատվություն՝ ԵՄ անդամ պետություններ օրինական միգրացիայի, այդ թվում՝ աշխատանքային, հնարավորությունների մասին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ