Մնացական Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2017թ. մարտի 17-ից մինչեւ ապրիլի 2-ն որպես դիտորդ ընդգրկված լինելով նույն զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում, 2017թ. մարտի 26-ին, ժամը 06.30-ի սահմաններում մարտական հենակետի ծածկաճեղքում գտնելով՝ ապօրինի ձեռք է բերել 339 հատ 7.62 մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող փամփուշտ, որոնք թաքցնելով իր մոտ գտնվող սպորտային պայուսակում, դրանք ապօրինի կերպով տեղափոխել է զորամաս եւ պահել գումարտակի պահասենյակում: Մ. Սանթրոսյանը ապրիլի 5-ին, հերթական արձակուրդ մեկնելիս, Վանաձոր քաղաքում գտնվող իրենց տուն տեղափոխելու նպատակով, փամփուշտները վերոհիշյալ պայուսակով տեղավորել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ Հովիկ Գրիգորյանի կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն նույն օրը, ժամը 12-ի սահմաններում Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները դրանք հայտնաբերել են:
Մ. Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է հունիսի 29-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ