Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա անընդունելի է, որ նստենք 10-15 հոգով ՀԿ-ների հետ որոշենք՝ ջուրը բաց թողնե՞նք, թե՞ չէ». Ջրտնտպետկոմի նախագահ (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 10:45

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն 3  ջուր բաց թողնելու նախագիծը: Ջրտնտպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ ջրառն անհրաժեշտություն է: Լրացուցիչ ջրառի նկատմամբ կառավարությունը խոստանում է իրականացնել համապարփակ կառավարում, լուծել գյուղատնտեսական խնդիրը, կառավարել լրացուցիչ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ ֆինանսական միջոցները:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ բնակպահպանները վստահ են, որ սա չի լուծում ձեր ներկայացրած խնդիրը՝ գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու: Ըստ նրա «այստեղից-այնտեղից կպցրած» հիմնավորումներով է կառավարությունը եկել: Հասկանալի չի բնապահպանության նախարարության ոչ միանշանակ դիրքորոշումը այս նախագծին, որը հարցեր է առաջացնում այս նախագծի այլ նպատակների մասին:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հիշեցրեց, որ սա նոր չէ, Սեւանա լճից ջուր բաց թողնելը շարունակական է դարձել: Նա հարցրեց՝ մենք սովոր ենք, որ թղթի վրա գրված բաները պետք է ոչ միշտ համապատասխանեն իրականությանը, բայց հաշվետվությունները ո՞վ պետք է ստուգի՝ արդյոք ինչքա՞ն ջուր են բաց թողնում իրականում: Արսեն Հարությունյանը պատասխանեց, որ սպառված ջրի քանակների մասին ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին եւ բնապահպանության նախարարությանն են ներկայացնելու:

Մարգարիտ Եսայանը արձագանքեց՝ թիվ ներկայացնելը մի բան է, ստուգելը մեկ այլ բան է: Արսեն Հարությունյանը պատասխանեց, որ ստուգող մարմինը Վերահսկիչ պալատն է, որը Ջրտնտպետկոմում վերջին անգամ 2016-ին է ստուգում իրականացրել. «Դա անընդունելի է, որ նստենք 10-15 հոգով ՀԿ-ների հետ որոշենք՝ ջուրը բաց թողնե՞նք, թե՞ չէ»:

ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը հարցրեց՝ կա՞ որոշակի երկարաժամկետ հատվածով մասնագիտական եզրակացություն. «Դուք խոսեցիք անցածի վերաբերյալ, իմ հարցը ապագայի վերաբերյալ է՝ առաջիկա 20-30 տարում Սեւանի մակարդակի տատանումը ինչպե՞ս է լինելու: Մեր քննարկումների առարկա պետք է կարողանանք դարձնենք եւ մեր որոշումը դրան համապատասխան իրականացնենք»:

Հարությունյանը պատասխանեց, որ 30 տարվա ծրագիր կա, 2002-ից մինչեւ 2030 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է բարձրացնել 6 մետրով: Ըստ Արսեն Հարությունյանի, ավելի շուտ կհասնեն իրենց նախանշած արդյունքին. «Այսօր 1900.91 նիշն ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31