Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել է Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

Հուլիս 03,2017 23:20

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծին՝ հուլիսի 4-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկելու համար:

Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է 2017 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

Արսեն Հարությունյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումն է: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաեւ օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ 3 չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչեւ 270 մլն մ 3 : Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն մ 3 ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սեւան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ենթակայության տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսի չի առաջանա:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Արամ Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է ծրագրի կարեւորությանն ու հրատապությանը եւ նշել, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու եւ ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, ովքեր ներկայացրել են առաջարկներ:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31