Հուլիսի 3-ին Վանաձորում տեղի ունեցավ հանդիպում-աշխատաժողով՝ ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ (ՕԳ) զբաղվող արտադրող խմբերի, ուսանողների, օրգանական արժեշղթայի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր մասնագետների օգնությամբ բացահայտել, թե ինչպես պետք է անցում կատարել օրգանական գյուղատնտեսությանը, որոնք են դրա առավելությունները, ինչպես նաեւ ներկայացնել օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալու փուլերը:
Օրգանական գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանն ասում է, որ Լոռին ՕԳ զարգացման համար լավագույն մարզն է: Այստեղ կան բոլոր նպաստավոր պայմաններն առողջ սնունդ ստանալու համար. «Մենք Լոռու մարզում աշխատում ենք դեռեւս 2004 թվականից: Այն ժամանակ այստեղ օրգանական եղանակով մշակում էին ոչ ավանդական մշակաբույսեր, եւ զգացի, որ Լոռին այն մարզն է, որտեղ կա մեծ պոտենցիալ ՕԳ զարգացման համար: Չնայած ասում են, որ մարզում կան պղնձամոլիբդենային գործարաններ եւ այլն, սակայն այն համայնքները, որոնք գտնվում են այդ գործարաններից հեռու, ունեն նպաստավոր պայմաններ»:
2009 թվականին օրգանական մշակության տակ դրված է եղել 1500 հա հողատարածություն, ներառյալ վայրի բույսերի հավաքչության տարածքները: Այդ ժամանակ օրգանական հավաստագրում ունեին 8 տնտեսություններ, 6 վերամշակող ու արտահանող ձեռնարկություններ:
Նունե Սարուխանյանն ասում է, որ տարիների ընթացքում այս թվերը փոփոխվել են, աճ է նկատվում. «2017 թվականի դրությամբ Հայաստանում գործում են 46 հավաստագրված տնտեսություններ: Այս ցանկը ներառում է վայրի հավաքչությամբ եւ վերամշակմամբ զբաղվող 8 տնտեսվարող, 18 գործարանային արտադրություն, 10 վերամշակող ձեռնարկություն, մեղր արտադրող 2 տնտեսվարող, ինչպես նաեւ 7 մեղվաբույծներ եւ օրգանական պարարտանյութի 1 ներկրող»:
Հանդիպմանը ներկա գյուղատնտես Հրայր Կարապետյանն այն կարծիքին է, որ սերունդներին պետք է հող թողնել: Իսկ դրա համար պետք է նախ մտածել հողի պաշտպանության մասին. «Պետք է այնպես անենք, որ հողը չկորցնենք, որովհետեւ դրա վերականգնելը ծայրահեղ դժվար է: Ես 1000 քառ. մետր հողատարածք ունեմ, եւ կարողացել եմ դեռ մութ ու ցուրտ տարիներին այդ հողով ընտանիքս յոլա տանել: Այնպես եմ անում, որ Թուրքիայից բերված կեղտոտ սնունդը երեխաներիս չուտացնեմ: Հիմա էլ եմ այդպես շարունակում ապրել ու պահել ընտանիքս, երեխաներիս ու թոռներիս»:
Մեզ հետ զրույցում գյուղատնտեսն ասաց, որ մեր երկրում օրգանական գյուղատնտեսությունը զարգանալու համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Իսկ դրա համար պետք է խելացի մոտեցում ցուցաբերել. «Բացի հողի պաշտպանությունը, պետք է մտածել նաեւ հողի մշակման տեխնոլոգիաների մասին, որպեսզի հողը էրոզիայի չենթարկվի: Եթե դու հողից ինչ-որ բան ես ստանում, ոչ թե թույնով պետք է հարստացնես, այլ պետք է այնպես անես, որ բերքը վերցնելուց հետո, մնացած հարստությունը թողես հողի մեջ: Կան նաեւ բնական պարարտանյութեր, պետք է դրանք օգտագործենք»:
Օրգանական գյուղատնտեսության հանդիպում-աշխատաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանի տասը մարզերում, ներգրավելով բոլոր ֆերմերներին, արտադրող խմբերին ու շահագրգիռ կողմերին:
Հանդիպումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ