Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Արմավիրի մարզի և Ռումինիայի Կլուժ նահանգի միջև ստորագրվեց եղբայրացան համաձայնագիր

Հուլիս 03,2017 20:35

Հունիսի 30-ին Ռումինիայի Կլուժի նահանգապետարանում ՀՀ Արմավիրի մարզի և Կլուժի նահանգի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Արմավիրի մարզի պատվիրակությունը, որին ուղեկցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, գլխավորում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ստորագրման արարողությանը ներկա էին նահանգային խորհրդի փոխնախագահներ Իշտվան Վակարը և Մարիուս Մընզատը, խորհրդի անդամներ և ծառայությունների ղեկավարներ, Ռումինիայի Հայոց միության (ՌՀՄ) նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներ, ՌՀՄ Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ:

Համաձայնագիրը նախատեսում է փոխշահավետ համագործակցություն ծավալել մշակույթի, տնտեսության, կրթության, սոցիալական, սպորտի և տուրիզմի ոլորտներում, ինչպես նաև գտնել համագործակցության եզրեր երկու տարածքային միավորների հանրային հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ու ձեռնարկատիրական միությունների միջև:

Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ով նաև Նահանգային խորհրդի կողմից այս հանդիպման համակարգողն էր և Արմավիրի մարզի հետ եղբայրացման նախաձեռնողը, ողջունեց Արմավիրի և Կլուժի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը: Նա հիշատակեց այդ տարածաշրջանում հայկական համայնքի երկարատև գոյությունը, նրա երկար պատմությունը Արմենոպոլիս-Գեռլայում, ինչպես նաև հայերի նպաստը ռումինական հոգևոր և մշակութային ժառանգության հարստացմանը:

Հանդիպման շրջանակներում երկու կողմի ներկայացուցիչները ներկայացրին իրենց շրջանների տնտեսական և ներդրումային ուրվագիծը, յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններն ու առավելությունները, այն ընդհանրությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համագործակցության զարգացման համար:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաստիացրեց, որ կնքված համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից և կդյուրացնի նաև գործարար ծրագրերի իրագործումը և փորձի փոխանակումը:

Շնորհավորելով համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ դեսպան Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը կարևորում և խրախուսում է Ռումինիայի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, ինչի մասին է վկայում 2012թ.-ից ի վեր տասնյակ քաղաքների և մարզերի միջև հաստատված համագործակցությունը:

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև փոխնահանգապետ Մարիուս Մընզատը և ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ընթացքում կողմերը պայմանավորվեցին առաջիկայում ներկայացնել համագործակցության ոլորտների մասին առաջարկություններ:

Հուլիսի 1-ին հայկական պատվիրակությունն այցելեց Գեռլա` պատմական Արմենոպոլիս, որտեղ ՌՀՄ Տրանսիլվանիայի մասնաճյուղի նախագահ Իոն Էստեգարի ուղեկցությամբ հանդիպեց քաղաքապետ Իոն Նեսելյանի և քաղաքային խորհրդի անդամների հետ, ինչպես նաև ներկա եղավ քաղաքի հայ կաթոլիկ Սբ. Երրորդության եկեղեցում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնի առիթով մատուցված տոնական պատարագին և հանրային հանդիսությանը:

Տեղեկանք. Արմավիրի մարզի և Կլուժ նահանգի միջև համագործակցություն հաստատելու առաջին քայլերն արվել են դեռևս անցյալ տարի Ռումինիայում Հայաստանի դեսպանության և այդ ժամանակ Կլուժի նահանգային խորհրդի նախագահ, այժմ փոխնահանգապետ Իշտվան Վակարի համատեղ ջանքերով: Իշտվան Վակարը, ով Տրանսիլվանիայի նշանավոր հայկական գերդաստաններից մեկի շառավիղներից է, մնում է եղբայրացման ծրագրի պատասխանատուն և ջատագովը:

Կլուժում է գտնվում Սբ. Նիկուլայի հռչակավոր վանքը, որտեղ պահվում են Սեբաստիայի Հայոց 40 նահատակների մասունքները:

2014թ-ին հիմնադրվել է Կլուժի համալսարանի Հայագիտության ինստիտուտը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31