2017թ. մարտի 7-ին Նոյեմբերյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպման ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ Ռուդիկ Խաչիկյանը համագյուղացիների անունից խնդրանքով դիմել էր Գ. Ծառուկյանին, որպեսզի Ոսկեվան գյուղին գյուղատնտեսական տրակտոր տրամադրվի, Ոսկեվանը գյուղտեխնիկայի պակաս ունի: Հունիսի 30-ին Իջեւանում լողավազանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ռուդիկ Խաչիկյանը Գ. Ծառուկյանին հիշեցրեց իր խնդրանքը:
Ծառուկյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններն անցյալ են, սահմանամերձ գյուղին տրակտոր նվիրաբերելը չի կարող ընտրակաշառք ընկալվել եւ միջոցառմանը ներկա, «Ծառուկյան դաշինքից» ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին հրահանգեց երկուշաբթի լուծել այդ հարցը:
Հուլիսի 3-ին ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ժամանել էր սահմանամերձ Ոսկեվան , ուր նրան դիմավորեցին ավանդական աղուհացով: Ոսկեվան էր բերվել նվիրաբերված տրակտորը: Սահմանամերձ գյուղի բնակիչները շնորհակալություն հայտնեցին ցուցաբերված օգնության համար, պատգամավորին ներկայացրին իրենց հիմնախնդիրները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ