Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինությունների և այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Առանձին-առանձին ուսումնասիրեք, գույքագրեք և օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ: Տարածքների սեփականատերերին և վարձակալներին ուղարկեք համապատասխան ծանուցումներ, անհրաժեշտության դեպքում, դիմեք նաև դատարան՝ վերոնշյալ հողատարածքները դատական կարգով համայնքին վերադարձնելու, իսկ անավարտ կառույցները օտարելու պարտավորեցնելու պահանջով: Այս հարցում պետք է լինենք խիստ և հետևողական՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում բոլոր կառուցապատողներին տրամադրվել են մի շարք արտոնություններ և հնարավորություններ են ընձեռվել կառուցապատում իրականացնելու համար: Հետևաբար, այլևս անհանդուրժելի է քաղաքում նման պատկեր ունենալը: Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն