Հուլիսի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նիստի սկզբում Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Կարևորելով ինչպես հոգաբարձուների խորհրդի, այնպես էլ հիմնադրամի գործունեության թափանցիկության անհրաժեշտությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ աշխատանքը պետք է հասարակության համար բաց և հասկանալի լինի, ինչը կարևոր է թե՛ լրացուցիչ միջոցներ ներգրավելու, թե՛ հիմնադրամի գործունեության նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու տեսանկյունից:
Նիստի ընթացքում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, հիմնադրամի ներքին աուդիտի պատասխանատու է նշանակվել ՀՀ Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը, որն այնուհետև քվեարկվել և հաստատվել է։ Նիստի ընթացքում սահմանվել է նաև խորհրդի նիստերի ժամանակացույցը։
Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաև հիմնադրամի գործունեության ֆինանսական հաշվետվությունը՝ հավաքագրված գումարների, անհատական նվիրատվությունների, կատարված փոխհատուցումների մասին։ Ըստ այդմ՝ այս պահին հավաքագրվել է ավելի քան 2.2 միլիարդ դրամ։ Կատարված փոխհատուցումները կազմել են ավելի քան 160 միլիոն դրամ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին։
ՀՀ Պաշտպանության նախարարություն