Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ դրամատուրգ, գրող, ազգային-մշակութային գործիչ Հրանդ Մարգարյանին՝ տիկնոջ հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում գրողի հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա մասնավորապես նշեց. «Երիտասարդները պետք է հայերեն խոսեն: Մեր ծրագրերն ուղղված են երիտասարդների հայրենաճանաչությանը, ազգային ինքնության և լեզվի պահպանությանը: Կարևոր է, որ հնարավորինս շատ ուսուցիչներ մասնակցեն «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին: Հայության, հայ ինքնության ողնաշարը լեզուն է: Երեխաներին պետք է գոնե շաբաթը երկու ժամ հայերեն սովորեցնել՝ երգ ու պարի, խաղերի միջոցով: Այդպես պահպանվում է ոչ միայն լեզուն, ազգային ավանդույթները, այլև հայկական միջավայր է ստեղծվում»:
Նախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:
Քննարկվեցին հայոց լեզվի և ինքնության պահպանության հետ կապված խնդիրներ:
Հրանդ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, նախարարին նվիրեց իր ստեղծագործությունների ժողովածուն՝ նշելով, որ այնտեղ ամփոփված է իր հիսունամյա գործունեությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքային նորություններին, մշակութային միջոցառումներին և բարեգործական ծրագրերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ