«Դիլիջան» ազգային պարկի պահակային մասը տրամադրելու են մասնավոր պահնորդական ընկերությանը, որ արդյունավետ կարողանան պահակություն անել:
«Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել: Հայաստանի անտառները բիզնեսի համար չեն՝ փայտանյութի առումով: Սա հիմնարար հարց է եւ ներկայումս մենք քննարկում ենք նաեւ կառավարման համակարգի փոփոխության հարցը՝ անտառների կառավարման միացյալ համակարգ ձեւավորելու ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը
Լրագրողները Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդրի մասին: Մեր հարցին՝ այդտեղ ինտրիգ կա՞, որովհետեւ նախարարությունը դեմ է, բայց կառավարությունը որոշում է բաց թողնել ջուրը՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինտրիգ ասելով՝ ինչ նկատի ունեք: Դուք գիտեք, որ Սեւանա լճի վերաբերյալ օրենսդրությունը նախատեսում է հնարավորություն՝ լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու համար: Օրենքը նախատեսում է հիմքերը՝ տնտեսական խիստ անհրաժեշտություն կամ արտակարգ իրավիճակներ: Մեր կարծիքը եղել է նախնական տարբերակի վրա, երբ առանձին ծրագրով ներկայացված չէր, ասում էինք՝ օրենքի պահանջի համապատասխան պետք է ներկայացվի: Մենք երբեք դեմ չենք արտահայտվի 100 մլն լիտր բաց թողնելուն, ասել ենք՝ դրա հիմնավորումը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին: Էկոլոգիական գնահատականը, որ պահանջվում է կառավարության կողմից օրենսդրական նախագծերի ներկայացման ժամանակ, մենք տվել ենք: Բնապահպանական տեսակետից բնական է, որ լրացուցիչ ջուր վերցնելը պետք է համարվի բացասական ազդեցություն: Ես զարմանում եմ, թե ինչ կա այստեղ»:
Լրագրողները ճշտեցին, փաստորեն, հիմա տնտեսական անհրաժեշտություն չկա, բայց վերցնո՞ւմ են՝ նախարարը պատասխանեց. «Ես դա չասացի: Օրենքով նախատեսված հիմքերը պետք է հստակ ներկայացվեն: Մեր տեսակետը ներկայացրել ենք կառավարություն, կառավարությունում ընդունվել է որոշում: Ես, որպես կառավարության անդամ, որ որոշումը ընդունվի, պարտավոր եմ կատարել եւ կատարելու եմ»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք հնարավոր վատ սցենարների՝ եղանակային վատ պայմանների դեպքում կանխարգելիչ գործողություններ պետք է անեն: Այն, որ ջրամբարներում թերբեռնվածություն կա, սա, ըստ նախարարի, փաստ է. «Լրացուցիչ ջրապահանջի անհրաժեշտություն կա, սա էլ է փաստ»:
Հարցին՝ բնապահպանության նախարարությունը չի՞ կարող ազդեցություն ունենալ կառավարության որոշման վրա՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դուք ինչպե՞ս եք կարծում, բնապահպանության նախարարությունը կառավարության բոլոր նախարարների փոխարեն պետք է որոշո՞ւմ կայացնի: Չէ: Հետեւաբար, բնապահպանության նախարարը կառավարության անդամներից մեկն է, մենք մեր մասնագիտական մոտեցումը, որպես բնապահպանություն, ներկայացրել ենք, մենք չենք արտահայտվել դեմ՝ 100 մլն-ի բաց թողնմանը: Մենք ասել ենք՝ դրա հիմնավորումները պետք է լինեն այնքան, որ հանրության մոտ, մասնագիտական շրջանակներում ավելի համոզված լինեն անհրաժեշտության մասին: Մենք ինքներս համոզված ենք, որ լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն կա, որովհետեւ այն տվյալները, որ ստանում ենք տարածքներից, վկայում են այդ մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ