Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներդրողը վարչապետին` «Խաբկանք է, նման բան չկա, պետությունը չի աջակցում գյուղատնտեսությանը» (Տեսանյութ)

Հուլիս 03,2017 17:06

Օհաննես Ստեփանյանը սփյուռքահայ ներդրող է: Գործարարը միլիոններ է ներդրել, Վայոց Ձորի Շատին համայնքում անասնաֆերմա է հիմնել: Էկոլոգիապես մաքուր արտադրանք է տալիս, նաեւ վերականգնել է ավանդական անասնապահությունը, անասունների հայկական ցեղատեսակները: Ծրագրերի բաղադրիչներից մեկն էլ զբոսաշրջության խթանումն է, գյուղացիներին էլ՝ աշխատատեղեր ստեղծելով, հայրենի հողում պահելը:
Այսինքն` Օհաննես Ստեփանյանն անում է այն ամենն, ինչ ՀՀ կառավարությունը տարատեսակ ռազմավարություններում, ծրագրերում ամրագրել է:

Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում գործարարն ասաց, որ պայքարում է`բիզնեսը չկորցնի: Բանն այն է, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր (ԲԷՑ) ընկերությունը անասնագոմին հարակից տարածքում աշխատանքներ է իրականացնում` բարձրավոլտ էլեկտրալարեր է անցկացնում: Պատճառաբանել են` գերակա շահ է եւ տարածքն այնպես են քանդել, որ Օհաննես Ստեփանյանի խոսքով, անասունները չեն կարողանում արոտավայր բարձրանալ: Անասնագոմին կից ժայռաբեկորների տակից օձեր են դուրս գալիս ու գոմը լցվում, բացի այդ տարածքում սողանքներ են առաջացել: Ֆերմայի մի քանի աշխատակիցներ, որոնք հենց գյուղի բնակիչներ են, հրաժարվել են այդտեղ աշխատել` օձերի ու սողանքների պատճառով:

Մանրամասները` տեսանյութերում

Գործը Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում է, մինչ վճիռ կկայացվի, տարածքում պետք է աշխատանքները դադարեցվեին, սակայն, ըստ Օհաննես Ստեփանյանի, այնտեղ այս պահին էլ աշխատանքներ են ընթանում: Սողանքների դեմ բողոքին ԲԷՑ-ի աշխատակիցները արձագանքել են, բացված ճեղքերում հող են լցրել, սակայն խնդիրը չի լուծվել:

Ֆերմայի անասնաբույժ Տիգրան Եղոյանի խոսքով ահազանգել են ՀՀ նախագահի, կառավարության թեժ գծերին, սակայն իրենց բողոքն անարձագանք է մնացել:

Իրենց օրինակով այս գործարարները վստահեցնում են, որ պետական ոչ մի աջակցություն էլ չկա. «Խաբկանք է, նման բան չկա, պետությունը չի աջակցում գյուղատնտեսությանը»:

Գործարարի բողոքի առնչությամբ, Aravot.am-ի հարցին ի պատասխան, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Արտաքին եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գծի աշխատանքները. «Աշխատանքներն իրականացնում է Kalpataru Power Transmission LTD (Հնդկաստան) ընկերությունը: «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվում է 1950-ական թվականներին շահագործման հանձնված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը: Էներգահամակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող էլեկտրահաղորդման գիծն անցնում է ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով` միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ կենտրոնական եւ հարավային մասերը: Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի:

Տվյալ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 01.06.2011 թվականին ստորագրված վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով, ՀՀ կառավարության 16.04.2015 թվականի N 403-Ն որոշմամբ մի շարք հողատարածքների, այդ թվում՝ Օհաննես Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտնվող 0.0241 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, որի հիման վրա հետագայում, օրենքով սահմանված կարգով, Օհաննես Ստեփանյանի հետ կնքելով առուվաճառքի պայմանագիր տվյալ հողատարածքի նկատմամբ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել սեփականության իրավունք:

Նշված 0.0241 հա մակերեսով հողամասերի վրա կապալառու ընկերության կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում եւ կարգով պետք է տեղադրվեր Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան 1 220 ՎԿ օդային էլեկտրահաղորդման գծի մաս կազմող հենարանը, սակայն, տվյալ հենարանով ծանրաբեռնված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող 0.0241 հա մակերեսով հողամասը բոլոր կողմերից հատվում է (սահմանակից է) Օհաննես Ստեփանյանին պատկանող հողամասերին, ուստի տվյալ հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առանց վերջինիս պատկանող հողամասերի տարածքով դրանց մոտենալու, անհնար է:

Հաշվի առնելով վերոնշվածը, Օհաննես Ստեփանյանի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ, սակայն հետագայում, վերջինս հայտնել է, որ հենարանի կառուցման աշխատանքները իրականացվում են նախագծով սահմանված հատվածից դուրս և դրա կառուցման արդյունքում քարեր են թափվում իր հողատարածք և կարող են վնասել շինությունները:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը, կարեւորելով անձանց առողջությանը սպառնացող ենթադրյալ վտանգը նախապես կանխարգելելու անհրաժեշտությունը, անկախ տվյալ հատվածում քարերը շինարարական աշխատանքների արդյունքում թափվելու հանգամանքից, տեղում ուսումնասիրել է խնդիրը Օհաննես Ստեփանյանի եւ կապալառու ընկերության հետ միասին: Արդյունքում, պարզվել է, որ հենարանը կառուցվում է նախագծի պահանջներին համաձայն եւ դրանով նախատեսված տեղում:

Միաժամանակ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը հանձնարարել է կապալառու ընկերությունը ամեն դեպքում վերացնել անձանց սպառնացող բոլոր հնարավոր վտանգների աղբյուրները, որի արդյունքում կապալառու ընկերության կողմից Օհաննես Ստեփանյանին պատկանող հողատարածքը մաքրվել է քարերից, ինչպես նաեւ վերացվել է ենթադրյալ քարաթափության վտանգը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31