ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Դագմար Շիպանսկիին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն առանձնակի կարևորել է գերմանական կազմակերպությունների աջակցությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության համակարգին:
Շեշտելով, որ դեռևս խորհրդային տարիներին ծանոթ է եղել Հայաստանի բուհական համակարգին և գիտական ներուժին՝ տիկին Դ. Շիպանսկին հետաքրքրվել, թե ինչ փոփոխություններ են կատարվել կրթության և գիտության բնագավառում անկախության շրջանում: ԿԳ նախարարը հակիրճ ներկայացնելով համակարգում կատարված փոփոխությունները և ձեռքբերումները՝ նշել է, որ Հայաստանին հիմնականում հաջողվել է պահպանելով ավանդական ինժեներական և բնագիտական դպրոցը՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցությամբ ինտեգրվել եվրոպական կրթական համակարգին. «Բոլոնիայի գործընթացը մենք դիտարկել ենք հարթակ, որը հնարավորություն էր տալիս ճանաչելի և համադրելի դարձնել Հայաստանի կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքում: Զուգահեռաբար մեր հիմնական խնդիրն է եղել պահպանել և զարգացնել ազգային կրթական համակարգը»,- նշել է ԿԳ նախարարը: Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման համատեքստում Լ. Մկրտչյանը կարևորել է միջազգային բուհերի գործունեությունը ՀՀ-ում: Անդրադառնալով գերմանական կողմի հետ համագործակցությանը՝ ԿԳ նախարար առանձնացրել է Գերմանական ակադեմիական փոխճանաչման կենտրոնի DAAD կրթաթոշակային ծրագրերը, Գյոթեի ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցությունը: Լ. Մկրտչյանը նաև նշել է, որ հայկական կողմը գերմանական դուալ կրթության փորձը մտադիր է ներդնել միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցության առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն