Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես նարցիսիզմ հիվանդությամբ չեմ տառապում, ինքնասիրահարված չեմ». Կամո Արեյանը՝ իր՝ հավերժ պաշտոնավարելու մասին

Հուլիս 03,2017 16:31

Այսօր լրագրողները Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեցին՝ ինչո՞ւ եք ամեն անգամ դուք գալիս ԱԺ՝ Տարոն Մարգարյանի փոխարեն: Նա ինչո՞ւ չի գալիս: Կամո Արեյանը պատասխանեց. «Ժամանակացանկով հստակ գրված է՝ հրավիրվում է քաղաքապետի առաջին տեղակալը եւ նշանակված է զեկուցող՝ քաղաքապետի առաջին տեղակալ»:

Նշենք, որ տարիներ շարունակ բյուջեի հաստատման եւ կատարման հաշվետվության քննարկումներին Տարոն Մարգարյանը չի գալիս ԱԺ: Կամո Արեյանի խոսքերով՝ որեւէ պատճառ չներկայանալու չկա. «Այդ բացակայությունները եղել են հարգելի: Իսկ այս տարի հստակ ու սպառիչ պատասխան ունեմ»:

Հարցին՝ կարո՞ղ է նկատել են, որ չի գալիս, դրա համար ստիպված ձեզ են կանչում՝ Արեյանը չհամաձայնեց: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը քաղաքում է, գործուղման չէ, բայց տեղակալին են հրավիրել:

Լրագրողները սկսեցին վերլուծել իրավիճակը եւ պատճառներ որոնել՝ գուցե տեղեկացված չէ, դրա համար ձեզ են ուղարկում՝ Արեյանը պատասխանեց. «Տեղեկացված է ամեն ինչից, առավել, քան ես»: Նա ասաց, որ քաղաքապետը ի վիճակի է պատասխանել բոլոր հարցերին:

Հարցին՝ գուցե բանավեճի՞ց է խուսափում՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Ոչնչից էլ չի խուսափում»:

Լրագրողները նաեւ ճշտեցին՝ ինչու եք դուք հավերժացել այդ պաշտոնում, երկու տասնամյակ է՝ քաղաքապետարանում եք, երիտասարդ կադր չկա՞, դուք անփոխարինելի՞ եք՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Ի՞նչն է ձեզ մտահոգում: Ես նարցիսիզմ հիվանդությամբ չեմ տառապում, ինքնասիրահարված չեմ եւ անփոխարինելիության ախտով չեմ տառապում: Անում եմ իմ աշխատանքը, անում եմ պատասխանատվությամբ եւ երբեք չեմ փակել որեւէ երիտասարդ կադրի առջեւ, որովհետեւ միշտ մտածել եմ եւ մտածում եմ, որ պիտի գա ինձնից ավելի կատարյալը ու պիտի գա նա հաստատ»:

Թե երբ է գալու՝ Արեյանը պատասխանեց. «Առայժմ ընտրվել եմ 5 տարով, որից հետո, խնդրեմ, բարի ճանապարհ»:

Հարցին՝ այսինքն, դեռ էդ կատարյալը չկա՞՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Կա, բայց ես իմ գործն անում եմ իմ տեղում եւ շնորհակալ եմ, որ այդ գործն եմ անում, չեմ ձգտում ավելիին»:

Իսկ թե ինչու չի ձգտում՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Ամեն մարդ պետք է գիտակցի, որ ինքն իր նշանակված տեղում կատարում է ամենակարեւոր գործը: Եթե ամեն մարդ այդպես մտածի՝ կոշկակարից մինչեւ փոխքաղաքապետ, որ իրեն վստահված գործն ամենակարեւորն է ու դա անի բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ շատ լավ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31