Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարցրեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ամռան այս սեզոնին վարունգը 50 դրամ է, իսկ լոլիկը՝ նվազագույնը 400-450 դրամ, ինչո՞ւ է այդքան թանկ՝ հաշվի առնելով, որ մենք լոլիկ արտահանող երկիր ենք: Նախարարը պատասխանեց. «Անկախ նրանից՝ լոլիկ է, վարունգ է, խաղող է, ծիրան է, դեղձ է՝ գինը ձեւավորում է շուկան: Մենք պետք է բոլորս այդ փաստն ընդունենք: Գինը ձեւավորվում է ըստ առաջարկի եւ ըստ պահանջարկի»:
Հարցին՝ կառավարությունը որոշել է աճուրդով վաճառել այն հողատարածքները, որոնց սեփականատերերը մեկ տարվա ընթացքում չեն վաճառել իրենց հողատարածքները եւ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, ինչպե՞ս եք վերաբերվում այս նախագծին՝ նախարարը պատասխանեց. «Հողերը պետք է օգտագործել, ինչքան շատ, այդքան լավ: Դրանով եւ արդյունավետությունը, առաջարկը կշատանա եւ գինը կնվազի: Այսօր շատ հողեր չեն օգտագործվում, երբ մենք վերլուծում ենք պատճառները, համապատասխան լուծումներ ենք տալիս դրան, որ օգտագործվի: Հիմա որ դեպքում ոնց կստացվի՝ չգիտեմ, բայց մեր նպատակն այն է, որ հողերը օգտագործվեն իրենց նպատակով, ոչ թե մնան անգործ»:
Անդրադառնալով կարկտահարության վերջին դեպքերին, հարցին, թե փոխհատուցումը որքան է կազմելու՝ Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Փոխհատուցման վերաբերյալ որոշում չկա»: Նախարարն ասաց, որ ԿԲ-ն բանկերի հետ աշխատում է, որ գյուղացիական վարկերի մայր գումարի վճարումը հետաձգվի, ինչ վերաբերում է հողի հարկերի կամ ջրի վարձի հետ կապված՝ պետք է դեռ ամփոփվի, նոր որոշում կայացվի:
Մեր զարմանքին, որ Սեյրան Սարոյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ փոխհատուցման այդ հարցը բարձրացրեց եւ վարչապետն ասաց՝ փոխհատուցում կլինի, հիմա դուք ասում եք՝ չի՞ լինելու, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ասաց, որ քննարկվում է: Այս պահին ես դեռ չունեմ վերջնական որոշում»:
Հիշեցնենք, որ վարչապետը ոչ միայն խոստացել էր, որ փոխհատուցում կլինի, այլեւ ԱԺ ամբիոնից հայտարարեց, այնպես են փոխհատուցելու, որ իրենց առաջարկածն ընդունելի է լինելու գյուղացիների համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ