Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից ԱԺ-ում հետաքրքրվեցին որդու՝ բանակում չծառայելու մասին: ՊՆ-ի տրամադրած ցուցակում նշված էր, որ Առաքելյանի որդիներից մեկը չի ծառայել: Նա ունի եւս 2 որդի, հարցին՝ նրա՞նք էլ են ազատվելու բանակի ծառայությունից՝ նախարարը պատասխանեց. «Այն, ինչ ՊՆ-ն պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխան է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, դա չի չարաշահվել, որովհետեւ եղել է մինչեւ նախարար նշանակվելը»:
Հարցին՝ պատճառը ո՞րն է՝ նա պատասխանեց. «Պատճառը անձնական է եւ ենթակա չէ բարձրաձայնման: Հոդվածը, որը գրված է, պարզաբանման համար չի»:
Մեր դիտարկմանը, որ այդ ժամանակ նախարար չեք եղել, բայց մինչեւ պաշտոն ունենալն էլ դուք հարուստ մարդ եք եղել, ձեր միջոցները դեր չե՞ն խաղացել՝ որդուն բանակից ազատելու հարցում՝ Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, եթե օրենք խախտած լիներ, տենց չէր լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ