Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ հետ համագործակցությամբ: Այս տարի ծրագրին մասնակցում է ավելի քան 350 սփյուռքահայ՝ աշխարհի 30 երկրից:
«Սփյուռք» ամառային դպրոցում կանցկացվեն դասընթացներ հինգ ուղղություններով.
Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 – 29),
Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 2 – 29),
Երիտասարդ լրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 – 15),
Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2 – 15),
Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 2 – 15):
Բացման խոսքով հանդես եվավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ողջունում եմ դասընթացների բոլոր մասնակիցներին, ովքեր Հայաստան են եկել մաշտոցյան ոսկեղենիկ հայերենը սովորելու, կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտությունները: Հայրենիքի կանչով աշխարհի տարբեր անկյուններից դուք եկել եք տեսնելու ձեր նախնիների երկիրը, հայ երիտասարդների հետ մայր բուհի կամարների տակ հայոց լեզվով հաղորդակցվելու, միմյանց և հայրենիքի հետ կապեր ստեղծելու համար»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցը ստեղծվել է Սփյուռքի պահանջով՝ ազգային ինքնության, հայեցի լեզվամտածողության պահպանման և զարգացման, համայնքներում հայապահպանության ծրագրերին աջակցելու նպատակով:
«5 տարի առաջ, երբ նոր էր ստեղծվում դպրոցը, մտավախություն կար, թե կարող է չկայանալ: Մինչդեռ մասնակիցների թիվը տարեցտարի ավելացավ և այսօր նրանք ավելի քան 350-ն են, – նշեց նախարարը՝ հավելելով, – շատ կարևոր է հատկապես երիտասարդների մասնակցությունը, քանի որ նրանք են, որ պիտի լավ ճանաչեն իրենց ժողովրդի, հայրենիքի պատմությունը, իմանան լեզուն և այդ բոլոր գիտելիքները տարածեն և փոխանցեն Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մատաղ սերնդին»:
Նախարարը մասնակիցներին կոչ արեց լավ սովորել: «Հատկապես խոսքս ուզում եմ ուղղել երիտասարդներին: 21-րդ դարը գիտության, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների դար է: Հայի գենն ունեցող հայ երիտասարդներն աշխարհում պետք է մրցունակ լինեն իրենց գիտելիքներով, դառնան լավագույն մասնագետներ և իմանան, որ իրենց միտքն ու գիտելիքը ազգային մեծագույն կապիտալ է ոչ միայն իրենց, այլև Հայրենիքի համար, որ իրենք են մեր ազգի հիմնական ներուժը», – ընդգծեց նախարարը:
Այնուհետև ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ մայր բուհի հետ սերտորեն համագործակցելու համար՝ ռեկտորը նշեց. «Այս դպրոցի իրականացումն առաջնահերթ նշանակություն ունի: Սիրելի՛ մասնակիցներ, համալսարանի ողջ կոլեկտիվը սրտագին ողջունում է ձեզ և մեծ պատասխանատվությամբ վերաբերվում դասընթացները հավուր պատշաճի կազմակերպելու գործին: Ինչպես ՀՀ սփյուռքի նախարարն ասաց, 5 տարի առաջ, երբ սկսեցինք ծրագիրը, դժվարությունները շատ էին, բայց մենք հավատով մոտեցանք մեր գործին և այսօր փաստ է, որ շուրջ 350 մասնակից իր հանգստից մեկ ամիս տրամադրել է Հայրենիքում վերապատրաստվելու և գիտելիքներ ձեռք բերելու գործին»:
Այնուհետև ելույթ ունեցան ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցներ Վանուհի Խաչիկյանը (Իրաք), Աստղիկ Լագզյանը (Ռուսաստան) և Սաթենիկ Տեր-Գրիգորյանը (ԱՄՆ): Իրաքահայ Վանուհի Խաչիկյանը նշեց. «Իմ երախտագիտության խոսքն եմ ուզում հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ այս ծրագիրը կազմակերպելու և մեզ մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ծանոթանալու մեր կոլեգաների հետ»:
Աստղիկ Լագզյանը հավելեց. «Մեր համայնքում խոսում ու միմյանց հետ շփվում ենք հայերենով: Եվ երբ ինձ հարցնում են, թե ինչու եմ խոսում միայն հայերեն, պատասխանում եմ՝ հայերենը իմ խոհերի և զգացմունքների լեզուն է, իմ մոր կաթի հետ եկող լեզուն»:
Համերգային մասում երաժշտական, ասմունքի և պարային համարներով հանդես եկան ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ