11 մլրդ դրամ է հատկացվել գյուղատնտեսության նախարարությանը 2016_ի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ԱԺ-ում այդ մասին 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը հարցրեց` արտոնյալ վարկերը, որ տալիս են գյուղացիներին, բոլորին բավարարե՞լ է: Նախարարը պատասխանեց, որ չեն բավարարում, անգամ գյուղացիներից բողոքներ են լսում, որ 300 հազար դրամից ավելի չեն տալիս վարկ:
«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց ադրբեջանական ծագման կամ փաթեթավորման գյուղատնտեսական ապրանքներից: Ի՞նչ ծավալի ներմուծում է գրանցվել 2016-ին, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
Նախարարը պատասխանեց՝ 2016-ի մասին տվյալներ չունեմ. «ՀՀ-ն պետք է ունենա իր քաղաքականությունը, թե որ երկրից մենք իրավունք ունենք ներմուծել ու որ երկրներից չենք կարող ներմուծումն անել: Եթե հստակեցված չի, օրենքի սահմաններում կարող են ներմուծել, կարեւորը՝ օրինական ներմուծվի: Եթե անօրինական են ներմուծում՝ դա արդեն ուրիշ ոլորտ է»:
Մանե Թանդիլյանը եզրակացրեց՝ կարող ենք փաստորեն ֆիքսել, որ մենք պարբերաբար օգտվում ենք ադրբեջանական ծագման գյուղմթերքից: Նախարարը պատասխանեց. «Բոլոր դեպքերում, ըստ մամուլի, այդպես է ստացվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ