«Տա Աստված, էդքան ապրենք (ծիծաղում է)… հույս ունենանք, որ մեր երկրի տնտեսությունը կառողջանա, պատերազմ չի լինի, վերջապես կլուծվի ԼՂՀ խնդիրը, սահմանները կբացվեն, տնտեսությունը նորմալ կաշխատի: Եթե էդ բոլոր բաները եղան`ինչո՞ւ ոչ»,- խորհրդարանում Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, երբ հիշեցրեցինք, որ նախագահ Սարգսյանը մայիսի 18-ին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց`մինչեւ 2040 թվականը երեք միլիոն մարդու ներգաղթ Հայաստան ապահովելու մասին. մինչ այդ կկարողանանք երիտասարդ գիտնականների համար այնպիսի պայմաններ ապահովել, որ Հայաստանից «ուղեղների արտահոսքը» կանխվի:
Մինչ այդ պարոն Հարությունյանն ասել էր, որ խնդիրը միջին տարիքի` 35-50 տարեկան գիտնականների պակասի մասին է, որոնք ավելի լավ պայմաններով աշխատում են արտասահմանում: Դա հայաստանյան խնդիր չէ, ԱՊՀ ողջ տարածքում կա:
Լրագրողները Սամվել Հարությունյանից հետաքրքրվում էին 70-ն անց գիտնականների նախաձեռնած ստորագրահավաքից: Նրանք ստորագրահավաք են սկսել Սամվել Հարությունյանի մայիսի 11-ի հրամանի դեմ, որով արգելվում է 70–ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը: Սահմանափակումն արդեն իսկ կիրառվել է Գիտության կոմիտեի մի քանի օր առաջ հայտարարած մրցույթներում։ Օրեր առաջ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի արհմիութենական կոմիտեն որոշում էր ընդունել, ըստ որի՝ սահմանափակումը խիստ վնասակար է Հայաստանում՝ գիտության զարգացման տեսակետից։
«70 տարեկաններին աշխատանքի իրավունքից չեն զրկում, իրենք կարող են մնալ, աշխատել, ինչ վերաբերում է ծրագրերը ղեկավարելուն, ամբողջ աշխարհում ընդունված ձև է` եթե ուզում ենք սահուն սերնդափոխություն լինի, եթե ուզում ենք, որ երիտասարդները իրենց ոլորտում զբաղվեն նաև գիտության մենեջմենթով, կազմակերպչական խնդիրներով, ապա այլ եղանակ ես չեմ տեսնում, պետք է մեկը գնա, մյուսը շարունակի այդ աշխատանքը»,- պարզաբանեց Սամվել Հարությունյանը:
Անդրադառնալով գիտնականների պնդումներին, որ արտասահմանում նման սահմանափակում չկա՝ Սամվել Հարությունյանն ասաց․ «Արտասահմանում այդպիսի բան կա, ես ինքս երկար տարիներ աշխատել եմ Իտալիայում՝ Ֆլորենցիայում, Իտալիայում 65-ից բարձր տարիքի մարդիկ դադարում են լինել ամբիոնի վարիչ, դեկան, ծրագրի ղեկավար և զբաղվում են գիտական աշխատանքով»։ Նա նաեւ տարակուսեց`եթե գիտնականն այդ տարիքում իրեն արժանի գոնե մեկ հետնորդ չի պատրաստել, ուրեմն զուր ժամանակ է վատնել:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ