Պատասխանելով լրագրողի հարցին` պրոֆեսիոնալ դիվանագետները չե՞ն նախանձում մշակութային «դիվանագետներին» ավելի հաջողելու համար, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց. « Տարբերություն չեմ տեսնում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ մշակութային եւ քաղաքական համագործակցության առումով, մենք բոլոր ճակատներում հավասարապես ենք աշխատում: Մասնավորապես այս տարի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն էր, ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, Երեւանում շուտով բացվելու է Գյոթե ինստիտուտի կենտրոն… Գերմանիան շատ է կարեւորում Գյոթե ինստիտուտի ներկայությանը Հայաստանում, դա կնպաստի մշակութային կապերի հաստատմանը»:
Հայաստանում Գերմանիայի դեսպանն ասաց, որ դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո Հայաստան կգա «Ոսկե ծիրանի» առիթով, քանի որ ֆիլմերի սիրահար է եւ տարբեր երկրներում հաճախ է ֆիլմեր դիտում:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանի ձեւակերպմամբ, մշակութային համագործակցությունը մեծ տեղ է գրավում ֆրանս-հայկական հարաբերություններում, բայց այն միակը չէ: «Մենք ունենք տարբեր ոլորտներում համագործակցություն, մեր կապերը խորն են ու բազմազան: Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ինչը մեզ հաճույք է պատճառում»,-հավելեց մշակույթի խորհրդականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ