2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների 18-ի գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց նրանցից 17-ի հանդեպ, քանի որ վերջիններս դատավորի ներս մտնելուն պես ոտքի չկանգնեցին:
Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ նախազգուշացում չի կիրառում միայն ամբաստանյալ Արամ Մանուկյանի հանդեպ, քանի որ նա հենակներով է տեղաշարժվում:
Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանը տեղից նստած խոսեց, ասելով. «Ես համոզված եմ, որ Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելը կապված չի առողջական վիճակի հետ»:
Արտուշ Գաբրիելյանը Սերգեյ Կյուրեղյանի հանդեպ կիրառեց այլ սանկցիա՝ հեռացնելով նիստերի դահլիճից: «Այ դա ուրիշ բան»,- լսելով դատավորի որոշումը, ասաց Սերգեյ Կյուրեղյանը:
Դատական նիստերի դահլիճից ապակե պատնեշից այսկողմ գտնվող հարազատները բղավեցին՝ ամոթ, ամոթ:
Նիստն արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց 30 րոպեով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ