«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հուլիսի 3-ին կայացած ասուլիսում ներկայացրին փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում օտարերկրյա առաքելությունների հետ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ավանդական է համագործակցությունը դեսպանությունների հետ, մանավանդ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի: «Եվ գերմանական եւ ֆրանսիական կինոյում են ներառված աշխարհի լավագույն կինեմատոգրաֆիստները»,- փաստեց նա: Տիկին Հարությունյանի խոսքով, այդ երկրների լավագույն ֆիլմերը ցուցադրվում են «Ոսկե ծիրանի» շրջանակներում:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ իր վերջին ելույթն է այս փառատոնի շրջանակներում: «Ուրախ եմ, որ եվրոպական երեք կարեւորագույն երկրներ միասին մասնակցում են այս փառատոնին: 2004-ից ի վեր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը եւ Գյոթե ինստիտուտը մշտապես աջակցել են այս փառատոնին: Երեւանյան փառատոնը շատ բարձրակարգ է, եւ մենք ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել»,-նշեց դեսպանը: Նաեւ ասաց, որ հուլիսի 13-ը Գերմանական կինոյի օր է հայտարարված:
Նա անդրադարձավ Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմին, որի գլխավոր դերակատարը` Դիանա Կրուգերը, Կաննի կինոփառատոնում արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին:
«Ուրախ եմ, որ Ֆրեդ Քելեմենի նման հայտնի կինոռեժիսորը նույնպես ներկայացված է «Ոսկե ծիրանին», ես նրա երկրպագուն եմ»,- նշեց դեսպանը: Նրա խոսքով, արդեն 120 գերմանական ֆիլմ է ցուցադրվել «Ոսկե ծիրանի» շրջանակում:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանը նշեց, որ Ֆրանսիան «Ոսկե ծիրանի» հին գործընկերն է, երկրորդ փառատոնից սկսած աջակցել է: «Ֆրանսիան շատ մեծ ակտիվություն է ցուցաբերում իր ֆիլմերը տարածելով Հայաստանում, ուստի չենք կարող այս առիթը բաց թողնել եւ չմասնակցել այս մեծ փառատոնին»,-նշեց պարոն Բորտոլանը: Այս տարի փառատոնը հրավիրել է երեք ֆրանսիացի ռեժիսորի եւ չորս պրոդյուսերի:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ` հարգանքի տուրք կմատուցվի Ֆրանսիայի ամենաազդեցիկ կինոռեժիսորներից մեկի՝ Ժան-Պեռ Մելվիլի 100-ամյակին եւ կցուցադրվի նրա ֆիլմերի ընտրանին` «24 ժամ ծաղրածուի կյանքից», «Ստվերների բանակը»,«Լեոն Մորեն, քահանա», «Ծովի լռությունը» եւ «Կարմիր շրջան»: Վերջին ֆիլմով կբացվի «Ֆրանսիական կինոյի օրը» հուլիսի 12–ին:
«Ոսկե ծիրանի» մրցութային եւ արտամրցութային ծրագրերում կցուցադրվի ֆրանսիական արտադրության տասը ֆիլմ: Կաննի փառատոնի հիմնական մրցութային ծրագրից «Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» կցուցադրվի երեւանյան պրեմիերաների շրջանակում:
Ընդգծվեց, որ փառատոնը համընկնում է Ֆրանսիայի ազգային տոնի հետ, եւ դրանում խորհուրդ կա:
«Ոսկե ծիրանի» շրջանակում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության եւ Գյոթե ինստիտուտի հետ հուլիսի 13-ին կանցկացվի «Գերմանական կինոյի օր», որը կներկայացնի «Ոսկե արմավենու ճյուղի» առաջադրված Ֆաթիհ Աթինի «Անէությունից» ֆիլմը: Վեց գերմանական ֆիլմ ներկայացված է փառատոնի տարբեր ծրագրերում: Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներկայացված Վալեսկա Գրիզեբախի «Վեսսթերը» ընդգրկված է «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում:
Հայաստանում Լեհաստանի դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը նշեց, որ մեծ պատիվ է լինել փառատոնի կողքին: «Չափազանցություն չեմ համարի ասել, որ «Ոսկե ծիրանը» ճանաչում է ձեռք բերել աշխարհում, ուստի մեզ համար մեծ պարտավորություն է ներկայացնել լեհական ֆիլմերը նման հարթակում»,- նշեց Եղոյանը: Նա նշեց, որ հուլիսի 10-ին հայտարարված է Լեհական կինոյի օր: «Դեսպանն ասել է, որ իր համար պատիվ կլինի փառատոնի կազմակերպիչներից ընդունել Անջեյ Վայդային շնորհված Փարաջանովյան թալերը»,-փոխանցեց Լեհաստանի դեսպանատան մշակույթի կցորդը:
«Ոսկե ծիրանի» շրջանակում կկայանա Լեհական կինոյի օրը, եւ կցուցադրվի մեծագույն ռեժիսոր Անջեյ Վայդայի վերջին` «Հետպատկերներ» ֆիլմը: Լեհական կինոյի վարպետն այս տարի իննսուն տարեկանում կնքեց մահկանացուն, նա պատրաստվում էր Երեւան գալ եւ ստանալ իրեն շնորհված Փարաջանովյան թալերը:
Սուսաննա Հարությունյանը անդրադարձավ նաեւ ռուսական կինոյի ներկայությանը «Ոսկե ծիրանին», ինչպես նաեւ փոքր չափով համագործակցությանը Բրազիլիայի դեսպանության հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ