«Իմ յոթերորդ դասարանի երեխայի հետ նայում եմ որոշ դասագրքեր, ինձ թվում է դրանց հեղինակները հոգեկան հավասարակշռության հետ խնդիր ունեն: Ասում եք`արտասահմանից վերցնենք: Ինչո՞ւ սովետական դասագրքերը վատն էին: Ես նոստալգիայով չեմ ապրում, բայց…»,- այս ռեպլիկն այսօր խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:
Մինչ այդ կրթության նախարարին դասագրքերի որակի մասին հարց էր տվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Պատգամավորը հետաքրքրվել էր`ինչո՞ւ դասագրքեր չենք կարողանում գրել:
«Դասագիրք գրելու մասնագետներ չունենք»,-ասաց Լեւոն Մկրտչյանը: Ապա հավելեց, որ բնական մասնագիտությունների պարագայում, ճիշտ է` լիցենզիաները վերցնենք եւ այդ դասագրքերը ներմուծենք. «Թանկ է մի քիչ, բայց արդարացված է: Նաեւ`այդ դասագրքերը կիրառելու պատրաստ ուսուցիչ պետք է ունենանք»:
Նախարարն, ի դեպ, ասաց, որ ՀՀ-ն ունի միջին մակարդակի եվրոպական կրթություն: Սա հաստատել են ոչ հայ փորձագետները: Բայց որակի խնդիր ունենք, քանի որ ուզում ենք, որ մեր երկիրը դիմագրավի մարտահրավերներին: Եթե որակը չբարձրացնենք`չենք կարողանա դիմագրավել:
Հանրակրթության խնդիրների մասին խոսելիս էլ ասաց` դպրոցներում երկարօրյա պիտի լինի, խմբակներ պիտի աշխատեն, երկրորդ հերթը պիտի դուրս գա. «Կա դպրոց, որը գերծանրաբեռնված, երկու հերթով աշխատում է, քանի որ հանրությունը վստահում է այդ դպրոցին: Պիտի լուծում գտնեք`շենք տանք, թող ընդլայնվի, աշխատի, կողքի դպրոցների թերբեռնվածության հարցն էլ կլուծվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ