Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկավարժական ինստիտուտից կադաստրային գործ մասնագիտությունը պետք է հանել (Տեսանյութ)

Հուլիս 03,2017 11:50

Միֆ է, թե Հայաստանում բարձրագույն կրթությունը տարածվածություն ունի: ՀՀ-ի բնակչության, ըստ պաշտոնական տվյալների, 35 տոկոս կազմող սոցիալապես անապահով խավի ընդամենը 5 տոկոսն է ներկայացված բարձրագույն կրթության համակարգում: Այս մասին այսօր խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Հայաստանում, ընդհանրապես, բնակչությունը ներգրավված է բարձրագույն կրթությունում 51 տոկոսով, եվրոպական ստանդարտը 60-65 տոկոս է:

Խոսելով անցած տարի կատարած աշխատանքների բովանդակության մասին, նախարարն ասաց, որ 2016-ին փորձ է արվել կրթական համակարգը մեկ ամբողջական ծրագրի բերել`միասնական կրթակարգի ենք անցնում: Հաստատվել է որակավորումների ազգային շրջանակը, որը հնարավորություն է տալիս կրթությունը դիտարկել մեկ միավոր` մանկապարտեզից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություն: Ըստ Լեւոն Մկրտչյանի, երեք ուղղություններով որակական փոփոխությունների շեմին ենք` ֆինանսավորման նոր մեխանիզմներ, նոր չափորոշիչներ եւ արդյունավետ կառավարում: Գտնվել են նաեւ ֆինանսական աղբյուրները, որոնք թույլ կտան իրականացնել փոփոխությունները:

ԵՄ-ի տարբեր դրամաշնորհների շրջանակներում բարելավելու են դասագրքերի որակը եւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը. կրթության ազգային ինստիտուտը պիտի վերափոխվի, այն հին է ու չի կարողանում ժամանակակից վերապատրաստում ապահովել մասնագետների համար:

Հանրակրթության շրջանում կրթության որակն ավելի լավ է, քան բարձրագույն կրթության ոլորտում. ունենք բուհեր, որոնք 100-150 ուսանող ունեն: Նախարարն ասաց`առաջիկա մեկ տարվա ընթացքում մասնագիտական հավատարմագրման պետք է անցնենք, որպեսզի մանկավարժական ինստիտուտում կադաստրային գործ մասնագիտությունը չդրվի:

Բակալավրիատ ավարտածների մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագետներ են: Լեւոն Մկրտչյանն ասում է` հանրակրթության մեջ պետք է որակը բարելավենք եւ բակալավրիատում բերենք բնական գիտությունների դոմինանտության, այլապես ՀՀ-ն կլինի բացառապես սպասարկող տարածք եւ գիտության զարգացման բոլոր հավակնությունները պետք է մնան մի կողմ: Կվերանայվեն նաեւ կրթաթոշակների եւ պետպատվերի նկատմամբ մոտեցումները: Բարեփոխումների հիմնական փաթեթն ուղղված է լինելու պոլիտեխնիկական կրթությանն առաջնություն տալը:

Բարձրագույն կրթության մասին օրենքի աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, աշնանը այն կդրվի խորհրդարանի դատին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31